Դեպի վեր
Նորություններ

22.02.2019

Ինքնակարգավորում ՝ չի նշանակում ամբողջովին ազատականացում


 «Ձեր դաշտում ունենք անազնիվ խաղացողներ, օգնե՛ք մեզ դաշտը մաքրելու մեխանիզմներ մշակել, չէ՞՝ մենք կմշակենք»,- Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի այս խոսքն ուղղված էր անշարժ գույքի գնահատողներին ներկայացնող երեք հիմնական կազմակերպությունների ղեկավարներին։ Վերջիններս ընդդիմացան՝ «այդ անազնիվները շատ չեն, արժե՞ մի քանիսի համար բոլորին կասկածանքով վերաբերվել» օրենսդրական դրույթներում։ Պետրոսյանի հակափաստարկն էր՝«Ամեն մարդ մեր երկրում պետք է պատասխանատու լինի իր ստորագրած փաստաթղթի համար»։

 

 Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու համար Կոմիտեում էին «Գնահատողների ինքնակարգավորվող միություն. փորձագիտական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Սաֆարյանը, «Հայաստանի գնահատողների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Վարուժան Վարդանյանը և Անկախ գնահատողների ասոցիացիայի նախագահ Էդգար Խաչատրյանը։

 Ոլորտի ներկայացուցիչները հատկապես դեմ արտահայտվեցին նախագծում առաջարկվող երկու նորամուծության՝ գնահատողների հաշվառման ծրագիր ներդնելուն և գնահատողների պարտադիր ապահովագրություն սահմանելուն։

 Բանն այն է, որ ղեկավարի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս անց՝ անցած տարվա սեպտեմբերին, Սարհատ Պետրոսյանը հայտարարեց գնահատողների ինքնակարգավորման քաղաքականության մասին։ Առաջին անգամ գնահատողների որակավորման և մասնագիտական հանձնաժողովների անդամներին ընտրեցին հենց իրենք (Վահրամ Սաֆարյանը ևս մասնագիտական հանձնաժողովի անդամ ընտրվեց

 

 Կոմիտեի ղեկավարը երեկվա քննարկմանը հիշեցրեց, որ ինքնակարգավորում՝ չի նշանակում 100 տոկոսով ազատականացում.

 «Կոմիտեի կողմից կարգավորումը չենք բացառելու։ Դա ամենևին չի նշանակում ձեզ ճնշել։ Ձեր դաշտում վերահսկողություն է պետք, և մենք առաջարկում ենք հրաժարվել մասնագիտական հանձնաժողովի և մոնիթորինգի գաղափարից, դրա փոխարեն ներդնել հաշվառման ծրագիրը։ Այսինքն, ստուգման ինստիտուտը հանում ենք, այս ինստիտուտն ենք ներդնում, որը բոլորովին էլ չի լինելու պատժիչ գործիք»։

 Տրամաբանությունը սա է՝ Կոմիտեն որակավորում է գնահատողներին, ուրեմն, պատասխանատվություն ունի հաշվառելու նրանց կատարածը, ինչի համար համակարգչային հատուկ ծրագիր կմշակի։ Հակընդդեմ առաջարկ եղավ, դա թողնել էթիկայի շրջանակում։

 «Ինքնակառվարման մեխանիզմը չի կարող հավասարակշռվել միայն էթիկայի կանոններով»,-ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով,-կամ մասնագիտական հանձնաժողովի միջոցով պետք է իրականացվի վերահսկողությունը, կամ հաշվառման ծրագրի։ Երրորդ լուծում կա՞, առաջարկեք։

 

 Հյուրերի փաստարկներից պարզ դարձավ, որ հակված են մասնագիտական հանձնաժողովի առկայությանը։ Իսկ հաշվառման ծրագրում նրանց առավել մտահոգում է տվյալների անվտանգության հարցը։

 Վարուժան Վարդանյանի ձևակերպմամբ, պատրաստ են քննարկել մեխանիզմներ, բայց ռիսկեր կան. մեկը՝ տեղեկության արտահոսքի, երբ տվյալները կարող են հայտնվել մրցակցի ձեռքում, մյուսը՝ առևտրային գաղտնիք փոխանցելու կոռուպցիոն ռիսկը։ 

 Սարհատ Պետրոսյանը հիշեցրեց, որ Կադաստրի էլեկտրոնային համակարգը Հայաստանի պետական հաստատությունների մեջ ամենապաշտպանվածներից է։