Դեպի վեր
Նորություններ

26.02.2019

Փոփոխություններ կլինեն Կադաստրի կոմիտեում և ՊՈԱԿ-ում. աշխատանքային խորհրդակցություն


 Համակարգում արդյունավետ աշխատանքի վերաբերյալ «ներքևից» առաջարկությունների ժամկետն այս շաբաթ սպառվում է։ Կոմիտեի ղեկավարությունը նախորդ շաբաթ այս հարցով հանդիպումներ ունեցավ կառուցվածքային բոլոր միավորների ղեկավարների հետ։

 

 Սարհատ Պետրոսյանը փետրվարի 25-ի խորհրդակցությանը գոհունակությունը փոխանցեց քննարկումների ընթացքից և հանձնարարեց, որ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների յուրաքանչյուր ղեկավար մինչև չորեքշաբթի օրը, ժամը 17։00-ն «Մալբրի» համակարգով կամ էլեկտրոնային նամակով գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին ներկայացնի հետևյալ տվյալները.

 1. Իր ղեկավարած ստորաբաժանման ի՞նչ անվանում է պատկերացնում (քննարկումների ժամանակ հնչածն էլ կարելի է առաջարկել)։ 
 2. Տվյալ ստորաբաժանման ի՞նչ ներքին կառուցվածք է ուրվագծում 
(կարելի է ներառել նաև անհատ պատասխանատուներին, որպիսի ինստիտուտ ներառելու հարցը նշված հանդիպումների ժամանակ քննարկվել է)։
 3. Հաստիքների քանակը։

 Ինչ վերաբերում է վերջին կետից բխող կադրային հետևանքներին, Կոմիտեի ղեկավարն ասաց.

 «Իմ խնդրանքն է՝ վերանանք անձնավորումից և անաչառ վերաբերմունք ունենանք։ Այսինքն, միայն երկար տարիներ աշխատելու, մասնագիտական հմտության հետ կապ չունեցող որևէ փաստարկ չբերենք։ Ես հավատացնում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատակցի վերաբերյալ առաձին քննություն է լինելու՝ ինչպե՞ս անենք, որ այդ աշխատակիցը չտուժի...»։

 

 Շաբաթվա վերջում կամփոփվեն առաջարկությունները, կձևավորվի վերջնական պատկերացումը, որպեսզի հաջորդ շաբաթվանից շրջանառության մեջ դրվի և սկսվի այն իրականացնելու գործընթացը։

 Աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին Պետրոսյանը փոխանցեց նաև, որ տեղակալների հետ քննարկել են, թե այլ ինչ գործառույթներ կան, որոնք Հայաստանի պետական մյուս համակարգերը չեն իրականացնում, և որոնք Կադաստրը կարող է իր վրա վերցնել։ Համապատասխան ձևակերպումներից և իրավական ակտերի ընդունումից հետո կփոխվի Կոմիտեի կանոնադրությունը։

 Նոր կանոնադրություն, նոր անվանում, նոր կառուցվածք և նոր իմիջ կունենա նաև Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։