Դեպի վեր
Նորություններ

04.03.2019

Հավասարություն՝ ամեն ինչում, անգամ գրասենյակային պիտույքների հարցում (աշխատանքային խորհրդակցություն)


 Կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արայիկ Սահակյանին այսօրվա խորհրդակցությանը ներկայացնելիս Սարհատ Պետրոսյանն արձանագրեց, թե այս պահին ղեկավարությունից ով որ ոլորտների աշխատանքն է համակարգում, չնայած նաև հիշեցրեց, որ Կոմիտեում սկսված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այդ պատկերը նույնպես կարող է փոփոխվել։

 Տեղակալներից Աշոտ Մուսայանը համակարգում է իրավաբանական և գրանցման վարչությունների, ինչպես նաև Միասնական և տարածքային ստորաբաժանումների աշխատանքը։ Լևոն Մելիքյանը՝ գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության և հաշվառման վարչությունների, արդեն նաև՝«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման աշխատանքը։ Արայիկ Սահակյանին հանձնարարվեց ֆինանսատնտեսագիտական և գնահատման վարչությունների աշխատանքի համակարգումը։

 

 Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի համակարգման ոլորտները չեն փոխվել՝  անձնակազմի կառավարման, ընդհանուր, գնումների կազմակերպման, հանրային կապերի, միջազգային կապերի բաժիններ և տնտեսական մաս։

 Ղեկավար Սարհատ Պետրոսյանի համակարգմանը դեռ անցյալ ամիս անցավ նաև գրասենյակների սպասարկման վարչության աշխատանքը։ Դրանից բացի, նա համակարգում է վերահսկողության վարչության, աուդիտի և առաջին բաժինների, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատանքը։

 

 Այսօրվա խորհրդակցությանը Պետրոսյանը խոսեց նաև համակարգում նույնական պաշտոններ ունեցողների համար հավասար պայմաններ ստեղծելու իր քաղաքականության մասին՝ սկսած ավտոմեքենաները կայանելուց մինչև առանձին աշխատասենյակ ունենալ-չունենալը և այլն.

 «Ինչպես նախորդ վեց ամիսներին իմ քայլերը դրան են տարել, այսուհետ էլ շարունակվելու են։ Անգամ գրասենյակային պիտույքներում և կահույքում այդ հավասարությունը պետք է երևա»։

 Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանը հանձնարարություն ստացավ այսօրվա ընթացքում տեղեկանք ներկայացնել, թե ծառայողական որ մեքենան ինչքան բենզին է խնայել։ Իր ծառայողական մեքենայինը Պետրոսյանը հաշվել է՝ պաշտոնավարման վեց ամիսներին խնայվել է մոտ 660 լ բենզին.

 «Ծառայողական մեքենաները պակասեցնելու հարցում առաջինը եղանք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել բենզինը խնայելու հարցում»։

 Խորհրդակցության ավարտին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը հարցրեց, թե հնարավո՞ր է կառուցվածքային ընթացիկ փոփոխություններն այնպես անել, որպեսզի հաջորդ տարվա ֆինանսական բյուջեն ձևավորելիս արդեն ՊՈԱԿ-ը նաև ուղղակի ֆինանսավորում ունենա (այժմ ֆինանսավորվում է միմիայն մրցույթներով)։ Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը ներկայացրեց օրենսդրական դժվարությունները, իսկ Սարհատ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ հարցն էլի է շոշափվել, հանձնարարեց.

 «Արայիկ Սահակյանին ներկայացրեք իրավիճակը, թարմացնենք քննարկումը, հասկանանք, թե ինչ լուծում կարելի է տալ»։