Դեպի վեր
Նորություններ

07.03.2019

Որպեսզի անշարժ գույքի շուկան զարգանա, իսկ քաղաքացին պատահական գործակալի ձեռքը չընկնի. հանդիպում


 Հայաստանում գործող անշարժ գույքի գործակալները «փախչող գնորդների» կամ օրենսդրական բացերի հետ կապված խնդիրներից շատ ավելի լուրջ են համարում «սև ռիելթորների» գործունեությունը, որոնք «աշխատում են ապօրինի դաշտում, հարկեր չեն վճարում, իրենց գովազդելու համար ծախսեր չեն անում, գործարքները կնքում են խիստ ցածր գներով, բարձր որակավորում չունեն…»։

 

 Սա պարզ դարձավ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի և տեղակալ Արայիկ Սահակյանի առաջին և ճանաչողական հանդիպմանը հայաստանյան անշարժ գույքի անհատ բրոքերների և գործակալությունների մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։

 Ներկայացնելով Կոմիտեի ձեռնարկած բարեփոխումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուց, խնամի-ծանոթ-բարեկամ շղթան վերացնելուց մինչև կառուցվածքային, հայեցակարգային ու օրենսդրական փոփոխությունները և Կադաստրի հանդեպ վստահության մեծացման քայլերը, Սարհատ Պետրոսյանն ասաց.

 «Կոմիտեի խնդիրը ձեր մրցակիցներին շուկայից հանելը չէ։ Շուկան, իհարկե, պետք է մաքրենք անբարեխիղճ մրցակիցներից։ Մեր նպատակն է լուծում գտնել՝ ինչպե՞ս անենք, որպեսզի ձեր բիզնեսը ծաղկի, իսկ քաղաքացին պատահական մարդու ձեռքը չընկնի… Ինչպե՞ս անենք, որպեսզի շուկան զարգանա…»։

 

 Պետրոսյանն ավելացրեց, որ Կառավարությունն այս մասով էլ հավակնոտ ծրագրեր ունի, և գլխավոր նշանակետը Հայաստանում անշարժ գույքի շուկայի զարգացումն է։ Իսկ դրա համար պետք է դերակատար դառնալ։ Ուրեմն, ինչպե՞ս ստեղծել շուկայի բոլոր հնարավոր դերակատարների ներդաշն համագործակցություն։ Ի՞նչ մեխանիզմներով աշխատել կոնկրետ «ռիելթորների» հետ։ Այստեղ կա, ըստ նրա, իրար բացառող երկու մոտեցում՝ պետության մասնակցության մեծացում ոլորտի գործընթացներին («Ինքս սրան դեմ եմ, և չէի ուզի, որ  Կոմիտեի կողմից ձեր լիցենզավորման նախկին փորձին վերադառնայինք»,- Ս.Պ.)։ Այլընտրանքային մյուս մոտեցումը, ըստ Պետրոսյանի, ոլորտի ինքնակարգավորումն է՝ պետության հետ համագործակցությամբ։

 

 Մինչ ոլորտի ներկայացուցիչները «թիմ» կձևավորեն՝ իրենց ամփոփ առաջարկությունները Կոմիտեին ներկայացնելու համար, հանդիպման հյուրերը հանպատրաստից հնչեցրին մի շարք առաջարկություններ՝ «օրինական գործակալների» սոցհարթակ վարելուց, Կադաստրի տեղեկանքների վճարումների պակասեցումից մինչև կոնկրետ «նուրբ սողանցքների» կամ վրիպակների վերացում.

 «Ձեր նշած շատ նրբություններ մենք արդեն բացահայտել ենք, լուծումներ մշակել, աշխատում ենք դրանց դեմ։ Նույնը՝ վրիպակների մասին։ Քարտեզներն էլ շատ զգուշորեն ճշգրտում ենք։ Ինչ վերաբերում է վճարումների չափն իջեցնելուն, կարող ենք հենց հիմա պոպուլիստական քայլ անել, վարչապետին էլ զեկուցել, որ միասնական տեղեկանքի 10 հազար դրամը 5 հազար ենք դարձնում։ Բայց մենք այլ մեխանիզմ ենք մշակում, վճարների իջեցում լինելու է, բայց ոչ՝ մեխանիկորեն»։

 

  Որոշվեց, որ նման հանդիպումները պարբերական կլինեն։