Դեպի վեր
Նորություններ

11.03.2019

Կոմիտեում վերջին 6 ամսում ավելացել են բարեփոխիչ ծրագրերը, որոնց նպատակն է ծախսերի կրճատումը և արդյունավետ, պրոֆեսիոնալ աշխատանքը


 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն արդեն ավարտել է «մեկ հարկում՝ մեկ տպիչ» սկզբունքի ներդրումը, ինչն իրականացվելու է համակարգի մյուս բոլոր միավորներում նույնպես։

 «Կոմիտեում փորձենք առայժմ սկսել «մեկ աշխատասենյակում՝ մեկ տպիչ» սկզբունքից, հետո ամեն հարկում մեկ տպիչ ունենանք, իսկ հետագայում այնպես ծրագրենք, որ յուրաքանչյուր վարչություն ունենա «սերվերային» մեկ ընդհանուր» տարածք»,- այսօրվա խորհրդակցությանը նշեց Սարհատ Պետրոսյանը։ Կոմիտեի ղեկավարը հետաքրքրվեց և դրական պատասխան ստացավ գնումների կազմակերպման բաժնի պետ Հրաչյա Մանուկյանից, որ Կոմիտեն արդեն իսկ ձեռք է բերում միայն թղթի երկու երեսով տպող սարքեր։

 

 Ղեկավարը գոհունակությունը փոխանցեց ծախսերի խնայողության նպատակով ներդրված մյուս սկզբունքի կիրառումից ևս։ Նախորդ շաբաթվանից Կոմիտեի ղեկավարներին սպասարկող վարորդներն ազատ ժամանակ կիսում են գրասենյակների ծանրաբեռնվածությունը։ Բենզինի ծախսերի և «կիլոմետրաժի» հաշվետվությունը կշարունակվի ևս մեկ ամիս՝ միջինը հասկանալու և խնայողությունների հաշվարկն անելու համար։

 

 Համակարգի կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, որի նպատակը նույնպես ռեսուրսների խնայողական և արդյունավետ աշխատանքն է, արդեն ավարտուն տեսքի է բերվում։ Ներքին շրջանառումից և վերջնական շտկումներից հետո նախագիծը կուղարկվի Կառավարության հաստատմանը։ Նույնը՝ նոր կառավարության հնգամյա ծրագրում Կադաստրի անելիքի մասով։

 

 Կոմիտեում մշակվող աշխատանքային տարբերակից արդեն իսկ երևում է, որ 2018 թվականի սեպտեմբերին հաստատված հնգամյա ծրագրի միջոցառումների շարքը հնգամյա նոր ծրագրում կհամալրվի բազմաթիվ նոր կետերով։ Կոմիտեն իր ունեցած մարդկային և ֆինանսական ռեսուրսներով այժմ առավել խոշոր բարեփոխումներ է նախատեսում իրականացնել, որոնք մատնանշվել են այս ընթացքում տարբեր պետական կառույցների և ոլորտային ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ինչպես նաև աշխատակազմի իրականացրած ինքնավերլուծական աշխատանքի արդյունքում։ Դրանց թվում են հասցեների միասնական ռեգիստրի և ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի, երկրատարածական ենթակառուցվածքների (NSDI) ստեղծումը, անշարժ գույքի գնահատողների ոլորտի ինքնակարգավորումը և այլն։