Դեպի վեր
Նորություններ

18.03.2019

Շտապ կարգով ուսումնասիրվում է Ռանչպարի ավազահանքերի հարցը. Doing Business-ի պահանջները կատարելու նոր կարգ Կոմիտեում (աշխատանքային խորհրդակցություն)


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։

 Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը շատ արագ՝ 2-3 օրում կուսումնասիրի Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանը հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարեց այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել.

 «Եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, և դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն»։

 Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, Կադաստրի կոմիտեի աշխատակազմը կունենա աշխատանքային 3-4 ժամանոց օր, իսկ համակարգի երևանյան մյուս միավորները՝ մի քիչ ավելի պակաս։ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության ծրագրով Կոմիտեի շենքում տարհանման սցենար կիրականացվի։ Ապա համակարգի երևանյան բոլոր աշխատակիցները կուղղվեն Համաքաղաքային շաբաթօրյակի (գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանն այսօր ավելի ուշ կհայտարարի, թե Կոմիտեն մայրաքաղաքի որ հատվածում է իրականացնելու շաբաթօրյակը և ծառատունկը)։

 «Հայցելով ձեր և ձեր ընտանիքների ներողամտությունը, խնդրում եմ շաբաթ օրն այդ մի քանի ժամը հատկացնել քաղաքացիական պարտականություների կատարմանը»,-ասաց Կոմիտեի ղեկավարը։

 Պետրոսյանը համակարգի աշխատակիցներին կոչ արեց ժամկետում լրացնել քաղաքացիական ծառայության պաշտոնի վերլուծության հարցարանները.

 «Մի քիչ բարդ աշխատանք է, բայց դրանց հիման վրա են մշակվելու յուրաքանչյուր պաշտոնի արդյունավետության գնահատականների ցուցիչները՝ KPI-ները… Որպեսզի ոչ թե ղեկավարությունն իր ճաշակով խրախուսի այս կամ այն աշխատակցին, այլ որպեսզի հստակ չափանիշներ լինեն»,- ասաց Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ կադաստրի ամբողջ համակարգի 90 տոկոսի համար չափորոշիչների տրամաբանական համակարգ հնարավոր կլինի մշակել։

 Խորհրդակցությունից հետո Կոմիտեի ղեկավար պաշտոնյաների ընդլայնված կազմն առաձնացավ քննարկելու միջազգային համագործակցության ծրագրերում մասնագիտական վարչությունների դերակատարության հարցը։ Նախկինում Կոմիտեի միջազգային բաժնի պետը եղել է միջազգային բոլոր ծրագրերի համակարգողը, Կոմիտեի ղեկավարն ասաց՝ այլևս այդպես չի լինելու.

 «Միջազգային կապերի բաժինը, նաև բոլորս աջակցողի դեր կունենանք, բայց այդ ծրագրերի ամբողջ բովանդակային աշխատանքը պետք է կատարեն մեր մասնագիտական հինգ վարչությունները»։

  Նույնը վերաբերում է Գործարարությամբ զբաղվելու (Doing Business) զեկույցի հաշվետվություններին։ Զեկույցի «Գույքի գրանցում» բաժինն այս տարվանից կլրացնի Կոմիտեի համապատասխան վարչությունը։ Կվերանայվի նաև մի քանի ամիս առաջ ներդրված և հաջողությամբ իրականացվող՝ անշարժ գույքի գրանցման բողոքարկման համակարգը. քաղաքացիների ընդունելության շաբաթական պարբերականությունը։ Ներգերատեսչական «աչառու, ինքնապաշտպանական որոշումները» կանխելու նպատակով քաղաքացիական հասարակություն և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ Կոմիտեի ղեկավարի մոտ ամիսը մեկ անգամ քաղաքացիների ընդունելություն կանցկացվի վերադասության կարգով բողոքարկվող որոշումները քննելու համար։ 

 

 

 


 [SP1]Սա տանել նաեւ վերնագրի մաս, կարեւոր ա շատ