Դեպի վեր
Նորություններ

22.03.2019

Ջուրը, լույսը, գազը և կապը պետք է «խոսեն նույն լեզվով» և նույն հարթակում. նախ՝ Երևանում, ապա ամբողջ Հանրապետությունում


 Հայաստանում ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և կապի ծառայություններ մատուցող ընկերությունների տարածական տվյալները  նույն չափանիշներին բերելը ոչ միայն  Doing Business ծրագրի և Հայաստանի կառավարության պահանջն է, այլև բխում է քաղաքացու, պետության, նույն ընկերությունների և ընդհանրապես շինարարության ոլորտի հետ կապ ունեցող ցանկացած մասնագետի և իրավաբանական անձի շահերից։

 Հասարակ բան, ենթադրենք, որոշված և թույլատրված է այսինչ կետում շինարարություն սկսել, հանկարծ տեղում պարզվում է, որ տվյալները սխալ են եղել, և այդինչ կետով որևէ ընկերության վերգետնյա կամ ստորգետնյա կարևոր ենթակառույցներն են անցնում։

 «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների և «Ռոստելեկոմ», «Յուքոմ», «Բիլայն» ընկերությունների ղեկավար ներկայացուցիչները Կառավարությունում ընդունելությունից մի քանի օր անց հրավիրվեցին Կադաստրի կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ներկայացնելով, որ ինտեգրված կադաստրի գաղափարն այս բոլոր խնդիրների լավագույն լուծումն է, ասաց, որ առաջին հանդիպման օրակարգում Կադաստրի նախաձեռնած քայլերը ներկայացնելն է, հրավիրվածների կարծիքը լսելը, ապա նաև միասնական կամ յուրաքանչյուրի հետ առանձին քայլերի հստակ ժամանակացույց կազմելը.

 «Այսինքն, տվյալների «լեզուն» նույնը պետք է լինի և պետք է ստեղծվի դրանք փոխանակելու, ճշգրտելու, թարմացնելու հնարավորություն տվող միասնական հարթակ»։

 Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ավելացրեց, որ այդ հարթակը պետք է գործարկի Կոմիտեն, ինչը բացի մյուս բոլոր լավ հնարավորությունների ընձեռումից (ճշգրտություն, աննախադեպ արագություն և այլն), ընկերություններին նաև կազատի «սերվերներ ունենալու և սպասարկելու» ծախսերից։ Հարթակի գործնական ծրագիրը մշակում է Կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումը։ Տվյալների փոխանակման գործընթացում ինչը կլինի անվճար, իսկ ինչը՝ վճարովի, հետագայում կկարգավորվի օրենսդրությամբ։

 Փորձնական ծրագիրը շուտով կիրականցվի Վաղարշապատում. թերություններն ու առավելությունները գնահատելուց հետո այն շատ արագ պետք է ներդրվի Երևանում։  Զուգահեռ ստեղծվում է հասցեների կենտրոնացված միասնական ռեգիստրը, ինչի մատչելիությունը դարձյալ մեծ աջակցություն կլինի նաև այս ընկերություններին։

 Հյուրերից ոմանց դեմքերին թերահավատություն նկատելով, Պետրոսյանն ասաց, որ տեղյակ է՝ նախկինում էլ նման փորձեր եղել են, բայց այս անգամ «քաղաքական և տեխնիկական բոլոր հիմքերն ունենք ծրագիրն իրականացնելու համար», իսկ «Կադաստրի կոմիտեն ձեր գործընկերն է պետական համակարգում»։

 Հրավիրված ընկերություններից բոլորն էլ այս կամ այն չափով մշակել են իրենց ոլորտի տարածական տվյալները, Սարհատ Պետրոսյանը հետագա ժամանակացույցը կազմելու համար գրանցեց, թե որը երբ է նախատեսում ամբողջացնել այն։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչն ավելացրեց՝ միայն թե, սխալ քարտեզները մեզ խանգարում են։ Պետրոսյանը նշեց, որ հենց դրա համար էլ շուտով կսկսվի ամբողջ Հայաստանն օդալուսանկարահանելու գործընթացը, և քարտեզները կճշգրտվեն։

 Հյուրերը՝ թերահավատ թե վստահ, բոլորն էլ կողմ արտահայտվեցին ծրագրին։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը մեծ հույսեր կապեց Վաղարշապատի փորձնական ծրագրի հետ և ավելացրեց, որ տվյալների միասնական վարումն առավել էժան կլինի և առավել կհեշտացնի գործը՝ «բոլորս ավելորդ անգամ նույն ճանապարհով չենք գնա»։ «Բիլայն» ընկերության ծրագրերի իրականացման ծառայության պետ Իգոր Գաբրիելյանը մասնավորեցրեց.

 «Եթե դա բիզնես տեսակետից գրավիչ լինի, մենք պատրաստ ենք մասնակցել»։

 Հենց նաև բիզնես տեսակետից ծրագրի գրավիչ լինելու մասին տեղեկացվելու համար էին ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել Կոմիտե։ Առաջիկայում ևս մեկ հանդիպում կկազմակերպվի նույն ձևաչափով՝ արդեն գործնական քայլերը մշակելու համար։

 «Հաշվի առեք, որ այս ծրագիրը մի օր անպայման իրականացվելու է, և մենք ամեն ինչ անում ենք իրագործումն արագացնելու համար։ Դա բոլորին է ձեռնտու»,-ասաց Կոմիտեի ղեկավարը։