Դեպի վեր
Նորություններ

25.03.2019

Գյուղատնտեսական հողերի պաշտպանությունն օրակարգում է. աշխատանքային խորհրդակցություն


 Արարատի մարզի Ռանչպար համայնքում ավազի արդյունահանման «կադաստրային իրավիճակն» արագ ուսումնասիրելու, օգտակար զեկույց կազմելու և հարցն օրակարգային դարձնելու համար Կոմիտեի ղեկավարը շնորհակալությունը փոխանցեց տեղակալ Լևոն Մելիքյանին ու նրա համակարգմամբ խնդրով զբաղված վարչության պետ՝ Սասուն Կիրակոսյանին, եւ ներքին վերահսկողության վարչության պետ Արսեն Հովհաննիսյանին։ 

 «Արդեն բազմաթիվ գերատեսչությունների ենք տեղյակ պահել, և վարչապետի Վերահսկողական ծառայությունն է զբաղվում այս խնդրով։ Այն, ինչին Կադաստրում մատների արանքով էինք նայել նախկինում՝ հողերի «նշանակության» փոփոխություններին, գյուղատնտեսական հողերի անխնա վատնումին…, այժմ դարձել է օրակարգային։ Այնպես որ, պետք է այդ ուղղությամբ շարունակենք և չթուլացնենք զգոնությունը»,-այսօրվա աշխատանքային խորհրդակցությանն ասաց Սարհատ Պետրոսյանը։

 

 (Նախորդ շաբաթ թիմի ներկայացրած զեկույցից հետևում է, որ Ռանչպարում ավազի արդյունահանումը հնարավոր դարձնելու համար տարիներ առաջ ՀՀ կառավարության որոշումներով պետական հատուկ նշանակության կամ գյուղատնտեսական նշանակության հողերի «կատեգորիաներն» են փոփոխվել. որ ներկայիս վարելահողերի մի մասը նույնպես ծածկված է ավազակույտերով և այլն)։  

 

        Doing Business ծրագրով հանձնարարականները շարունակվում են

 Doing Business զեկույցի մասով բոլոր առաջարկություններն այս փուլում չնայած ամրագրված են Կոմիտեում, բայց ի հավելումն Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց ծրագրի մեթոդաբանության շուրջ առաջարկություններ ներկայացնել նաև գրանցման վարչությունում և այնտեղ նույնպես նշանակել պատասխանատու, որը մշտապես կզբաղվի նաև այս ծրագրով, ավելին՝ տեղյակ կլինի այլ երկրների ընթացիկ հաջող փորձին՝ Հայաստանում ևս կիրառելու համար։

 

 Քաղպաշտպանական միջոցառմանը՝ «բավարար» գնահատական

 Քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում շաբաթ օրն իրականացված՝ Կոմիտեի աշխատակիցների տարհանումը Սարհատ Պետրոսյանը գնահատեց «բավարար»։ Կոմիտեում «Շանթ» զորավարժությունների ընթացքից անցյալ տարի Սարհատ Պետրոսյանը դժգոհ էր և աշխատանքն «անբավարար» էր նշանակել։

 «Չնայած ի տարբերություն «Շանթի», գնահատականն այժմ «բավարար» է, բայց թերություններ եղան…»։

 Թվարկելով իր նկատած բացթողումները, Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց բոլոր աշխատասենյակների համար պատրաստել տարհանման մշտապես մատչելի սխեմաներ, և մինչև հաջորդ համապետական զորավարժությունները ևս մեկ տարհանում կազմակերպել.

   «Եվ մյուս անգամ այն պետք է ավարտվի 5 րոպեում։ Եթե մի բան անում ենք, ուրեմն անում ենք լավ»։

 


 Շաբաթօրյակը լավ էր, բայց կարճ

 Շաբաթօրյակի համար բոլորին շնորհակալությունը փոխանցելով, Կոմիտեի ղեկավարն, ամեն դեպքում նկատեց, որ «կարճ ենք աշխատել» («Կարմիր բլուր» հնավայրում՝ մեկ ժամ մաքրություն, «Կոմիտաս» զբոսայգում՝ մոտ կես ժամ ծառատունկ).

 «Մյուս անգամ առնվազն 3-4 ժամ պետք է տևի աշխատանքը և լինի առավել կազմակերպված՝ խմբերով ու աշխատանքի բաժանումով։ Կնշանակվի պատասխանատու, կհոգանք ջրի, հյութերի, թեթև սննդի հարցեր…»։