Դեպի վեր
Նորություններ

04.04.2019

Անավարտ շինությունների գույքահարկի թեմայով պարզաբանում


 

 

 Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Ֆեյսբուքի իր անձնական էջում գրել է. «Երևանում կան շենքեր, սեփական տներ (որպես կանոն՝ էլիտար, շքեղ), որտեղ մարդիկ տարիներով ապրում են, բայց գույքահարկ չեն վճարում։ Գիտե՞ք ինչ հնարքի են դիմել: Այդ տները, շենքերը իբր անավարտ են, չունեն շինարարության ավարտական ակտ։ Չեն հանում այդ թուղթը, որ գույքահարկ չմուծեն... Ահա այսպիսի բաց, որի արդյունքում համայնքը մեծ դրամական մուտքերից է զրկվել»։

 

 Ի լրումն այս գրառման, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտնում է՝ որպեսզի Կադաստրում «ավարտված» գնահատվեն շենքերը, շինությունները,

դրանց բնութագրերը կամ համայնքի ղեկավարի կողմից տրված ավարտական ակտերը պետք է ներկայացվեն Կադաստրի տարածքային ստորաբաժանում, որտեղ դրանք մուտքագրվում են, իսկ տվյալ գույքը՝ հաշվառվում։

 

 Սեփականատերն այդպիսի փաստաթղթեր կտրամադրի, թե ոչ, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է Կադաստրի տարածքային ստորաբաժանում ներկայացնեն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ (այդ թվում՝ անավարտ շինությունների մասին)։

 

 Գործող օրենսդրությամբ, կադաստրային արժեքների հաշվարկման բանաձևերում մինչև 50% ավարտվածություն ունեցող շինությունների գույքահարկի համար կիրառվում է 0.5 գործակիցը, 50-80%՝ 0.7, իսկ 80% և ավելի ավարտվածություն ունեցող շինությունների համար՝ 1.0 գործակիցը։