Դեպի վեր
Նորություններ

08.04.2019

Կադաստրի կոմիտեն շրջանառության է դրել իր հնգամյա ծրագրի նախագիծը. աշխատանքային խորհրդակցություն


 

 Կադաստրի կոմիտեի հնգամյա ծրագրի նախագիծն ուղարկվել է տարբեր գերատեսչություններ՝ նրանց կարծիքը ստանալու համար.

 «Հաստատումից հետո կետ առ կետ կարձանագրվեն ոլորտային միջոցառումներն ու ժամկետները, բայց յուրաքանչյուր պատասխանատու իր ոլորտի միջոցառումը պետք է ավարտին հասցնի ժամկետից 15 օր առաջ»,- այսօրվա աշխատանքային խորհրդակցությանն ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ զգուշացնելով, որ ոչ մի դեպքում չլինեն միայն վերջին պահին իր ստորագրությանը ներկայացվելիք «կատարումներ»։

 

 Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին ղեկավարը հանձնարարեց ձեռնարկել Կոմիտեի աշխատակազմի բարեվարքության կանոնների մշակումը (ամիսներ առաջ ուժի մեջ են մտել գրասենյակի աշխատողի բարեվարքության մի շարք կետեր)։

 «Կարևոր շեշտադրում արեք անձնական տվյալների պաշտպանության հարցերին։ Երբեմն զանգահարում են ընկեր-ծանոթ-բարեկամ, խնդրում ասել՝ այսինչ տարածքի տերն ո՞վ է։ Թվում է՝ ի՞նչ է եղել որ, մանր բան է, և փոխանցում է ուրիշի անձնական տվյալը՝ առանց նրա համաձայնության։ Պետք է աշխատակիցը հասկանա, որ դա խախտում է»։ 

 «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե որ մարմինն է վերահսկում Հայաստանի տպարաններում թողարկվող քարտեզների տվյալների իսկությունը.

 «Օրինակ, տպագրվում են քարտեզներ, որոնցում նշված աշխարհագրական անուններն արդեն փոխվել են»։

 Պարզվեց, որ խնդիր կա այս հարցում, և Կոմիտեի ղեկավարը խորհրդական Արամ Կարախանյանին առաջարկեց ուսումնասիրել իրավական ակտերը՝ եթե անհրաժեշտություն կա, որ Կադաստրի կոմիտեն լինի այդ մարմինը, ձևակերպում ներկայացնել, «նաև այդ մասին կետ ներառել նոր կանոնադրության նախագծում»։

Կադաստրի կոմիտեում սկսվում է նոր կանոնադրության մշակումը։ Վարչությունների պետերին Պետրոսյանը հանձնարարեց այս շաբաթվա ընթացքում սահմանել իրենց ղեկավարած միավորների գործառույթները, խնդիրները և նպատակները։

 

 

 Կազմակերպական

 Այսօրվանից արձակուրդում գտնվող տեղակալ Աշոտ Մուսայանին անշարժ գույքի գրանցման հարցերով կփոխարինի Լևոն Մելիքյանը, իրավաբանական հարցերով՝ Արայիկ Սահակյանը։ Կոմիտեի ղեկավարը հորդորեց տեղակալներին այդ հարցերով դիմելուց առաջ անպայման խորհրդակցել իր խորհրդական Արամ Կարախանյանի հետ, հատկապես՝ «ոչ ստանդարտ լուծում ենթադրող խնդիրների դեպքում»։ 

 Շրջանառության մեջ է մտնում Կադաստրի կոմիտեի նոր ձևաթուղթը՝ նոր տարբերանշանով. այսօր սպասվում է ղեկավարի հրամանն այդ մասին։