Դեպի վեր
Նորություններ

09.04.2019

Հավաստագրեր ստացան ռեգիստրի վերապատրաստման երկրորդ դասընթացի մասնակիցները


 «Իմ այստեղ գալու առաջին իսկ օրվանից փորձել ենք անընդհատ արժևորել ռեգիստրի դերը մեր համակարգում։ Վերապատրաստումները դրա մի մասն են։ Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր ռեգիստրների շարքերում։ Ցավոք, հիմա ռեգիստրի թափուր տեղ չունենք, մոտ ապագայում, երբ լինի, դիմեք անպայման»,- Կոմիտեի ղեկավար  Սարհատ Պետրոսյանը ռեգիստրի երկրորդ դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելիս ավելացրեց, որ ուրախ է՝ հավաքվածների մեջ թե′ ծանոթ, թե′անծանոթ դեմքեր տեսնելով։ Դա նշանակում է՝ գործը սովորելու են գալիս և′ համակարգի աշխատակիցները, և′«դրսից»։

 Հավաստագրի երկու տեսակ շնորհվեց՝ մասնակցելու և ավարտելու կամ պարզապես մասնակցելու։ Առաջին տեսակի հավաստագիր շնորհվեց այն 17 անձանց, որոնք դասընթացի ավարտին քննություն են հանձնել ու հաղթահարել 36 միավորի շեմը։ Նրանցից 3-ը՝  Արտավազդ Գրիգորյանը, Արտավազդ Մելիքյանը և Աիդա Մխիթարյանը, 40 հնարավորից 40 միավոր են հավաքել։ Այս հավաստագիրը ստացած անձին մեկ տարվա ընթացքում առավելություն է տրվում, եթե համակարգում ռեգիստրի թափուր պաշտոնի համար մրցակիցների հետ հավասար պայմաններում է։ 

 36-ից պակաս միավոր հավաքած կամ քննությանը չմասնակցած 12-ին հանձնվեցին դասընթացին մասնակցելու հավաստագրեր։

 Կադաստրում երկար տարիների, այժմ՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատակից Մարինե Քոչարյանը, ոըը մասնակցի հավաստագիր ստացավ, ասաց, որ դասընթացը շատ գիտելիքներ է տվել և առաջարկեց նման դասընթացներն աշխատակիցների համար դարձնել պարտադիր (այժմ ըստ ցանկության է)։ 

 Ինչպես առաջին դասընթացի ավարտին, այնպես էլ հիմա մասնակիցներն առաջարկությունների հարցաթերթիկներ են լրացրել. արդյունքը շուտով կամփոփվի։

 Հրաժեշտին Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ Կոմիտեն փորձում է համակարգի աշխատողների համար լավագույն պայմանները ստեղծել, ինչը նաև նշանակում է բարձրորակ գիտելիքի ապահովում նաև վերապատրաստման դասընթացների ձևով։ 1-2 ամսից սպասարկման գործի դասընթաց կկազմակերպվի Կադաստրի գրասենյակներում աշխատողների համար։