Դեպի վեր
Նորություններ

09.04.2019

Կոմիտեում քննարկվեց տարածագնահատման նոր փաթեթը.ոլորտի մասնագետ հյուրերի մեծ մասը ՀՀ մարզերից էր


 

Կադաստրի կոմիտեում էին տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի Հանրապետության մարզպետարանների ոլորտային մասնագետները։ Նրանք ցանկություն էին հայտնել քննարկելու տարածագնահատման գոտիավորման նոր փաթեթը, որը մշակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում հատուկ այդ նպատակով ստեղծված թիմը։ Թիմը մշակել է նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևը։ Գոտիավորման վերաբերյալ որոշման նախագիծը Կոմիտեն ներկայացրել է ՀՀ կառավարություն։

 Տարածագնահատման գոտիավորման հետազոտական թիմի անդամ, փորձագետ Վահան Ղազարյանը մարզերից եկած հյուրերին բացատրեց մեթոդոլոգիան և նրբությունները, որոնցով թիմն աշխատել է, պարզ ասած՝ որոնցով «քարտեզագրել» է ողջ Հանրապետության «կադաստրային գոտիները»։ Մարզերից եկած մի քանիսը սրտնեղեցին, որ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման և գոտիավորման համար այս անգամ հիմք է ընդունվել գույքի շուկայական միջին արժեքը։ Ոմանք հարց բարձրացրին՝ և որքանո՞վ են իրական այդ հաշվարկները.

 «Դուք եկել եք մի հիմնարկ, որը միակն է, որը տիրապետում է Հանրապետությունում անշարժ գույքի գործարքների վերաբերյալ տվյալներին»,-ասաց Ղազարյանը։ 

Կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանը բացատրեց, որ գոտիավորման նոր կարգի գլխավոր խնդիրն անշարժ գույքի արժեքը շուկայականին մոտարկելն է. որ նախկինում գոտիավորումը միայն փողոցներով էր արվում՝ առանց քարտեզի, այժմ արվել է նաև կոորդինատներով, ու քարտեզ է հաստատվելու։

 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Կոմիտեում կդիտարկվեն ներկայացված բոլոր առաջարկությունները, և ամփոփաթերթում մեկ առ մեկ կնշվի դրանց ընդունել-չընդունելու մասին։