Դեպի վեր
Նորություններ

10.04.2019

Կճշտվեն պատմամշակութային հուշարձանների «կադաստրային տվյալները»


 

 

 «Հալիձորի բերդի՝ 30 հեկտար զբաղեցնող տարածքը կադաստրային քարտեզից ընդհանրապես բացակայում է… Հռիփսիմեի տաճարի չափագրումն արվում է, բերում, տեսնում ենք՝ քարտեզով մի մասը ճանապարհի վրա է կամ հասել է Շողակաթ եկեղեցի»,- ասաց քարտեզագիր Սմբատ Դավթյանը:

 Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը «պատմամշակութային հուշարձանների կադաստր» ստեղծելու հարցը քննարկեցին ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը:

 Կոմիտեն մշակել է Ինտեգրված կադաստր ստեղծելու հայեցակարգի նախագիծ։ Կառավարության հաստատումից հետո կսկսվի ծրագրի իրագործումը, և նույն հարթակում աստիճանաբար կստեղծվեն ու կգործեն «ոլորտային կադաստրները», այդ թվում՝ մշակութայինը։ Սա հնարավորություն կտա ժամանակի ընթացքում մշակութային հուշարձանների մասին հավաստի և ամբողջական, ճշգրիտ տվյալներ ունենալ: Ըստ այդմ, առաջարկվում է 2020-ի գարնանը նախատեսված պիլոտային ծրագրով սկսել հուշարձանների մասին տվյալների հավաքագրումը և առանց լրացուցիչ ծախսերի ստանալ մշակութային կադաստրը վարելու հնարավորություն:

 Կոմիտեում համարում են, որ սկզբնական շրջանում պետք է նախարարությունը մշակի հուշարձանների՝ իր քարտեզները, որոնք հետո կճշգրտվեն ու կմուտքագրվեն Կադաստրում:

 «Իսկ եթե մենք ի սկզբանե գրանցենք հուշարձաններ, որոնց տվյալներում փոփոխություններ կան, կրկնակի աշխատանք կատարելուց բացի, կմտնենք իրավական դաշտ, և խնդիրը կդառնա շղթայական»,-նկատեց Մելիքյանը՝ ավելացնելով, որ գրանցում ստացած հուշարձանների դեպքում խնդիրն այն է, որ մինչ այսօր գրանցելիս հնարավոր չէ որևէ կերպ իմանալ, որ դա հուշարձանային տարածք է: