Դեպի վեր
Նորություններ

10.04.2019

Կադաստրի կոմիտեն կմասնակցի անտառների թեմայով համաժողովին


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կմասնակցի այս աշնանը Հայաստանում հրավիրվելիք՝ անտառների պահպանությանը և մեծացմանը նվիրված «գագաթնաժողովին», որը նախաձեռնել և կազմակերպում են Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնն ու Էյ Թի Փի (Հայաստանի ծառատունկի ծրագիր) բարեգործական հիմնադրամը։ Մասնակցությունն այսօր Կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ավարտին հաստատեց Սարհատ Պետրոսյանը՝ որոշակիացնելով նաև ձևաչափը։

 Հավաքն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Հայաստանում և պարբերական դառնալու հավակնություն ունի։ Գլխավոր նպատակը, ինչպես ներկայացրեց Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Հայաստանի անտառների առավել պահպանված լինելուն նպաստելն է և անտառածածկույթը մեծացնելը։ Նաև Կադաստրի կոմիտեին են դիմել մասնակցության համար, «քանի որ Կադաստրը շատ կարևոր դեր ունի անտառային համակարգի բարելավման և ռազմավարության մշակման գործում»։

 

 Հյուրերը ներկայացրին միջոցառման օրակարգը և գործողությունների ծրագիրը, առավել հետաքրքրությամբ լսեցին Ինտեգրված կադաստրի (այդ թվում՝ անտառային տվյալների) ստեղծման մանրամասները, որի հայեցակարգի նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման։

 Կոմիտեի տրամադրության տակ են նաև երկրի անտառների կադաստրային քարտեզները, ինչն իմանալով՝ կազմակերպիչները ցանկացան «գագաթնաժողովում» ցուցադրելիք դրվագ պատրաստել, թե վերջին տասնամյակներում ինչպես է փոքրացել Հանրապետության անտառածածկույթը։