Դեպի վեր
Նորություններ

15.04.2019

Հանդիպումներն այս շաբաթ կլինեն վարչությունների ոչ միայն պետերի, այլև բոլոր աշխատակիցների հետ (աշխատանքային խորհրդակցություն)


 Մինչև մյուս գերատեսչությունները կարծիք կհայտնեն, ապա Կառավարության հաստատմանը կներկայացվի Կադաստրի կոմիտեի հնգամյա ծրագրի նախագիծը, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը ձեռնամուխ կլինի առաջիկա երկու ամիսների ծրագրային անելիքի հստակ ժամանակացույցի մշակմանը։ Իսկ ծրագրի հաստատումից հետո կկազմվի ամբողջական ժամատախտակը՝ օրացույցի նման. Սարհատ Պետրոսյանի առաջարկն է։

 Վերջնական տեսքի է բերվում Կոմիտեի նոր կանոնադրությունը, շուտով այն մեկ անգամ ևս կշրջանառվի բոլոր վարչություններում, ինչից հետո կուղարկվի Վարչապետի ստորագրմանը։

 «Կանոնադրության հաստատմանը հաջորդող քայլը հաստիքացուցակների վերանայումն է, և այս առիթով որոշել ենք մի բան փորձարկել»,- ասաց Կոմիտեի ղեկավարը՝ մասնավորեցնելով, որ այս շաբաթ հանդիպումներ են նախատեսված վարչությունների ոչ միայն պետերի, այլև ամբողջ կազմի հետ. եթե դեռ կան ոչ այնքան ծանոթ դեմքեր, բոլորին լավ ճանաչելու համար։ Նրանց հետ հանդիպումներին ներկա կլինեն Կոմիտեի ղեկավարը, գլխավոր քարտուղարը, խորհրդականները, ոլորտը համակարգող տեղակալը: Բաժինների պետերի և աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն հաջորդ շաբաթ։

 Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» ղեկավար Կարեն Գրիգորյանին՝ բաց կառավարման տվյալների «Հեքըթոն» մրցույթին մասնակցելու համար։ Գրիգորյանը խորհրդատվական ժյուրիի անդամ էր, և միջոցառումից վերադարձել է Կոմիտեին ուղղված շնորհակալագրով։

 Ավարտին է մոտենում Կադաստրի համակարգում նոր հեռախոսակայանի տեղադրման աշխատանքը, Սարհատ Պետրոսյանը շտապեցնում է Կարեն Գրիգորյանին.

 «Երեք-չորս ամիս է՝ խոսում ենք այս մասին, վերջապես եկել է գործարկելու պատմական պահը, փորձենք այս շաբաթ անպայման ավարտել տեղադրումը»։