Դեպի վեր
Նորություններ

16.04.2019

Կոմիտեն ուղիղ կապ է հաստատում Doing Business զեկույցը գնահատողնների հետ


 Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» Doing Business զեկույցի գնահատողները Կադաստրի կոմիտեում էին՝ քննարկելու զեկույցում Հայաստանի «տնային առաջադրանքին» վերաբերող հարցեր։

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նորմատիվ-իրավական հարցերով փորձագետ Նադին Աբի Չակրային և գործառնական վերլուծաբան Վիկտորյա Երեսչենկոյին մանրամասն ներկայացրեց զեկույցում Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարելու համար Կադաստրի համակարգում արվածն ու անելիքը։ Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորեց GIS համակարգի ներդրումը՝ ենթակառուցվածքների տվյալների փոխանակման համար։ Տեղեկացրեց, որ Հայաստանում ենթակառուցվածքները շահագործող բոլոր 8 ընկերությունների տեխնիկական պատասխանատուների հետ հարցը քննարկվել է, և ամեն ինչ արվելու է, որպեսզի 2020 թվականի մարտ ամսին նրանց բոլորի տվյալների բազան մեկտեղվի Կոմիտեի ստեղծելիք՝ Ինտեգրված կադաստրի հարթակում (8 ընկերություններից 2-ը խոստացել են 2020-ի աշնանը միայն ավարտել իրենց տվյալների ամբողջական փոխանցումն այդ հարթակին, բայց ըստ Պետրոսյանի, Կոմիտեն նրանց կօգնի դա անել գարնանը)։

 Պետրոսյանը ներկայացրեց նաև, թե շատ մոտ ապագայում ինչ է նախատեսված Կադաստրի փաստաթղթերից կնիքի վերացումն ապահովելու համար, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ամբողջովին առցանց և անթուղթ կադաստրը, որն իրականություն կդառնա 5 տարում։

 Հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի ղեկավարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արայիկ Սահակյանը, իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանը, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը և բաժնի պետ Էդգար Պետրոսյանը, որը վերջերս նշանակվեց Doing Business զեկույցի հարցերով համակարգող.

 «Նախկինում այդ աշխատանքը համակարգում էր միջազգային կապերի բաժինը, չնայած հարցերին մասնագիտորեն տիրապետում և լուծումներ էր տալիս գրանցման վարչությունը։ Որոշեցինք, որ ուղիղ հաղորդակցությունն առավել արդյունավետ կլինի»,- հյուրերին փոխանցեց Կոմիտեի ղեկավարը։