Դեպի վեր
Նորություններ

19.04.2019

Առաջարկվում է վերափոխել ՊՈԱԿ-ի դերն ու գործառույթները


 Հանրային քննարկման է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Կադաստրի համակարգում գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը վերանվանել «Երկրատարածական ինստիտուտ» (հապավումը՝ ԵՏԻ), համալրել ՊՈԱԿ-ի գործառույթները՝ ելնելով արդի տեխնոլոգիաների և միջազգային կարգի պահանջներից։ Նպատակը Կադաստրի կոմիտեի գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների աջակցումն է՝ արտապատվիրակելով դրանց զգալի մասի իրականացումը։ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը՝ Հայաստանում երկրատեղեկատվական համակարգի (GIS) մշակման առաջատարներից, նորովի է փորձելու ապահովել իր պարտականությունները։

 

     ԵՏԻ-ի լրացուցիչ գործառույթներից են, օրինակ, ՀՀ ազգային տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծումը և վարումը, եռաչափ կադաստրի նախագծումը և ներդրումը, Հանրապետությունում տնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական… այն ծրագրերին աջակցելը, որոնց հիմքում քարտեզագրությունն է։ Այդ գործառույթներից են նաև Կադաստրի կոմիտեի համակարգում չաշխատող անձանց մասնագիտական վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, տիեզերանկարների մոնիթորինգը, աերոնկարահանումը, կադաստրի ոլորտին առնչվող բջջային հավելվածների մշակումը և սպասարկումը…

 Ակնկալվում է, որ փոփոխությունները կխթանեն կազմակերպության գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև կապահովեն Ինտեգրված կադաստրի ստեղծումն ու կիրարկումը։