Դեպի վեր
Նորություններ

22.04.2019

Սարհատ Պետրոսյանը պահանջում է արագացնել Կադաստրում բարեփոխումների իրագործումը (աշխատանքային խորհրդակցություն)


 Կոմիտեի ղեկավարն այսօրվա աշխատանքային խորհրդակցության ավարտին դժգոհեց համակարգում բարեփոխումների իրականացման տեմպից.

 «Այսքան դանդաղ չէի պատկերացնում… Շատ դժգոհ եմ։ Եթե այս տեմպով առաջ տանենք մեր ձեռնարկած լուրջ բարեփոխումները, որոնցով հպարտանում ենք, պարզապես սովորական հիմնարկություն կդառնանք»։

 

 

 Իսկ բացեց խորհրդակցությունը Սարհատ Պետրոսյանը՝ գոհունակությունը փոխանցելով նախորդ շաբաթվա ընթացքում Կոմիտեի ղեկավարության և վարչությունների լիակազմ հանդիպումներից.

 «Քննարկումները շատ հետաքրքիր և ուսուցողական էին։ Նախկինում ինձ թվում էր, թե արդեն ամեն ինչ գիտեմ տարբեր վարչությունների գործունեության մասին, բայց շատ բան պարզեցի այդ հանդիպումներում»։  

 Պետրոսյանն ավելացրեց, որ կրկնողական գործառույթներ իրոք կան, և եթե որոշ միավորներ չլինեն, համակարգի գործունեությունը դրանից որևէ կերպ չի տուժի։

 «Օրինակ, չենք կարող ունենալ հաշվապահության, իրավաբանության կամ գնահատման կրկնվող գործառույթներ ստորաբաժանումներում»,-ասաց Կոմիտեի ղեկավարն՝ ավելացնելով, որ այս հարցով առաջիկայում առանձին-առանձին կհանդիպի վարչությունների պետերի հետ։

 Կադաստրի կոմիտեի նոր կանոնադրության նախագիծն այսօր մեկ անգամ ևս շրջանառության կդրվի ներսում ՝ կառավարության հաստատմանն ուղարկելուց առաջ վերջին շտկումներն անելու։ Այն արդեն իսկ քննարկվել է ղեկավարի տեղակալների, վարչությունների և բաժինների պետերի հետ.

 

 

 «Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե կամայական բաներ կան, կամ այսինչ բանը սխալ եք արել և այլն։ Մեր հետագա բոլոր քայլերը նպաստելու են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»։

 Սարհատ Պետրոսյանն արձանագրեց, որ այս տարվա հունիս ամսին Կոմիտեն պետք է իրականացրած լինի կառավարության նախորդ ծրագրով 2018-ի սեպտեմբերին ստանձնած իր պարտավորությունները՝ ամբողջովին կյանքի կոչելով արդյունավետության բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով նախատեսված կառուցվածքային բարեփոխումները։ Դրանք արդեն ներառված են Կոմիտեի նոր կանոնադրության նախագծում։