Դեպի վեր
Նորություններ

30.04.2019

Սարհատ Պետրոսյան՝ պետք է օգնեք ինձ, որպեսզի ես սխալ որոշում չկայացնեմ


 «Սա ոչ միայն հեղափոխական քայլ է, այլև շատ ռիսկային է անձամբ ինձ համար, որովհետև որպես Կոմիտեի ղեկավար ես եմ կրում պատասխանատվությունը»,- բողոքարկման արտագերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին այսօր ասաց Սարհատ Պետրոսյանը՝ հիշելով այս առիթով իր կատակը,- այնպիսի կազմ պետք է ունենանք, որ եթե անգամ Կոմիտեի ամբողջ աշխատակազմն ուզենա ինձ համար ծուղակ պատրաստել, դուք պետք է օգնեք, որպեսզի ես սխալ որոշում չկայացնեմ»։

 Այս խումբը Կոմիտեում կգործի քաղաքացիների ընդունելության հանձնաժողովին զուգահեռ, սակայն այն կունենա բողոքների քննարկման բոլորովին այլ ընթացակարգ և որևէ ռեգիստրի կամ Կադաստրի «ոչ ճիշտ» որոշումների վրա ազդելու, երբեմն նույնիսկ փոխելու լծակներ ու իրավունք։ Թե ինչ ընթացակարգով պետք է ուսումնասիրվեն, ապա և հանձնաժողովի նիստում քննարկվեն բողոքարկված հարցերը, այսօրվա նիստի օրակարգում էր։ Ընթացակարգը կհրապարակվի հաստատվելուն պես։

 

 

 Ի տարբերություն քաղաքացիների ընդունելության հանձնաժողովի, այստեղ ընդգրկված են նաև «դրսից ներկայացուցիչներ»։ Հանձնաժողովը համալրելու՝ Կոմիտեի կոչին ավելի վաղ արձագանքել էին ոլորտային մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնցից այս փուլում ընտրվեցին չորսը։ Մշտական հիմունքով հանձնաժողովը համալրեցին ՀՀ փաստաբանների պալատը (Գևորգ Մկրտչյան) և Հայաստանի ճարտարապետների պալատը (Սերգեյ Ամիրաղյան), իսկ մեկ տարով հերթագայության հիմունքով՝ Լոռու մարզի ինովացիոն և փոքր ձեռնարկատիրությունների արհեստագործական կազմակերպությունը (Մուշեղ Դաղբաշյան) և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (Հայաստան Ստեփանյան կամ Արմեն Վարոսյան)։

 Բացի Սարհատ Պետրոսյանից, Կոմիտեի ևս 5 աշխատակից է անդամակցում հանձնաժողովին՝ ղեկավարի խորհրդականներ Բորիս Քոչարյան և Արամ Կարախանյան, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյան, դատական մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հայկ Հովսեփյան և ընդհանուր բաժնի պետ Նաիրա Գևորգյան։

 Մեթոդաբանության բաժնի գլխաոր մասնագետ Լիլիթ Միրզոյանը կհամակարգի աշխատանքը, իսկ յուրաքանչյուր նիստից առնվազն 10 օր առաջ հանձնաժողովի անդամներին կուղարկի օրակարգը, քննարկվելիք հարցերի շուրջ կարճ տեղեկանք և դրանց վերաբերյալ փաստաթղթեր։

 Հաջորդ նիստը հրավիրված է մայիսի 14-ին։