Դեպի վեր
Նորություններ

07.05.2019

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն իր անվանումը դեռ չի փոխել, բայց աշխատաոճը՝ հաստատ


 Տնօրեն նշանակվելուց ի վեր «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում արված և ընթացիկ գործերի 6-ամսյա հաշվետվությունն Արամ Ստեփանյանն օրերս ուղարկել է Կոմիտեի ղեկավարությանը։ Բավական ծավալուն, պատկերազարդ ամփոփում է՝ տարիներ շարունակ աշխատասենյակները թրջած տանիքի նորոգումից մինչև ատլասների ստեղծումը կամ  ՊՈԱԿ-ի արդյունավետ ու ժամանակակից աշխարհին համահունչ աշխատանքն ապահովելիք նախագծերի մշակումը, մասնագետների վերապատրաստման դասընթացների պարբերաբար կազմակերպումը…

 

  Օրինակ, ավարտվել է Մանկական ատլասի գրաֆիկական և տեքստային աշխատանքը, առաջիկայում այն կհրատարակվի: Ստեղծվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատմամշակութային hուշարձանների քարտեզ, որում նշված են Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների հայկական հուշարձանները, որոնք ընդգրկված են այդ կազմակերպության հատուկ ցանկերում:

 Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ իրականացվել է աերոնկարահանում, ապա և՝ աերոնկարների մշակում. արդյունքում ստեղծվում են երկչափ և եռաչափ օրթոֆոտոհատակագծեր: Еasypay տերմինալներում ավելացվել է երկու կոճակ՝ «Ծառայությունների վճար» և «Քարտեզագրական նյութերի վաճառք»: ՊՈԱԿ-ում գունավոր և բարձր որակի տպագրման նոր սարքեր են տեղադրվել: Օպտիմալացվել է ավտոտնտեսությունը. 15 տրանսպորտային միջոց է վերադարձվել պետությանը։  

 ՊՈԱԿ-ն արդեն նոր տարբերանշան ունի, առաջարկում է փոխել նաև անվանումը (ՀՀ կառավարության որոշման նախագծով՝ «Երկրատարածական ինստիտուտ»)։

 Մասնագիտությամբ կադաստրի ճարտարագետ Արամ Ստեփանյանն այս համակարգում է 2003  թվականից։ 2009 թվականին ճանաչվել է նույն ՊՈԱԿ-ի լավագույն աշխատակից, և երբ տնօրեն նշանակվեց, կարծիք հնչեց, որ լինելու է նաև լավագույն տնօրեններից։