Դեպի վեր
Նորություններ

13.05.2019

Նույնականացման ընթացքը՝ «ֆանտաստիկ լավ» (աշխատանքային խորհրդակցություն)


 

 Կոմիտեի ղեկավարը գոհ է կադաստրային տվյալների նույնականացման գործընթացից.

 «Ֆանտաստիկ լավ արդյունք ենք գրանցել. միայն Վայոց ձորի կադաստրային գործերի 85 տոկոսն արդեն նույնականացրել ենք»։

 Այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանի բերած այս տվյալն ավելի թարմացրեց գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, որը համակարգում է «նույնականացնող» թիմի աշխատանքը, 90 տոկոսը՝ շեշտեց նա։

 

 

 Այս շաբաթվա ընթացքում Պետրոսյանը տեղում կհետևի թիմի աշխատանքին։ Այս տարվա փետրվարի կեսին ձևավորված և մի քանի ռեգիստր ներառող այս աշխատանքային խումբը պակասող տվյալներով լրացնում է Կադաստրի համակարգում առկա բոլոր անհատական գործերը՝ դրանք մուտքագրելով էլեկտրոնային ARPIS համակարգ։

 Սա մեծապես կհեշտացնի ու կարագացնի գործընթացը, երբ անհրաժեշտ է լինում իրավասու որևէ ատյանի կամ անհատի պահանջով տեղեկանք տրամադրել որոշակի անշարժ գույքի մասին՝ արագ նույնականացնելով անձին կամ նրա գույքը։ Որպես առաջին առաջադրանք, ամբողջացվում են Վայոց ձորի մարզում առկա տվյալները։ Տվյալներն առավել ամբողջացնելու անհրաժեշտության դեպքում Կոմիտեն հետագայում կդիմի համայնքային իշխանություններին և ոստիկանությանը։

 

 

 Աշխատանքային խորհրդակցությանն այսօր Կոմիտեի ղեկավարը խոսեց նաև Կոմիտեի տարբերանշանի գործածության մասին.

 «Իհարկե, մենք մեծ ջանք ու եռանդ չենք խնայում մեր գերատեսչության «բրենդինգի» համար, շատ հպարտ ենք դրանով, բայց պետք է ուշադիր լինել, որպեսզի տարբերանշանի ինքնագործ շեղումներ չլինեն։ Օրինակ, մեկը հանկարծ շապիկ չստեղծի՝ վարդագույն տարբերանշանով, երբ մենք նարնջագույնն ենք  հաստատել…»։

 Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց, որ Կադաստրի ավտոմեքենաների համար նախատեսված տարբերանշանը լինի համակարգի անխտիր բոլոր ծառայողական մեքենաների վրա՝ բացառությամբ Կոմիտեի ղեկավարին, տեղակալներին և գլխավոր քարտուղարին սպասարկող մեքենաներից։ Դրանց փոքր տարբերակն է պատվիրված՝ ծոցատետրերի և գրասենյակային այլ պիտույքների վրա փակցնելու համար։