Դեպի վեր
Նորություններ

20.05.2019

Հասցեների միասնական, առցանց և ինքնաշխատ համակարգ ներդնելու ծրագիրը մեկնարկում է


 Կոմիտեում օրերս ձևակերպվելու են հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հանձնարարականները, և սկսվելու է աշխատանքը։ Ընթացիկ տասնօրյակում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է աշխատանքային խումբը։

 Հասցեների միասնական ինքնաշխատ («ավտոմատ») համակարգն ամբողջովին պետք է գործարկվի 2021 թվականի վերջին։ Փաթեթը, որը մայիսի 10-ի որոշմամբ հաստատեց ՀՀ կառավարությունը, և մայիսի 16-ին ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներառում է ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի  ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը։ Սրանով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն փորձելու է Հանրապետության հասցեների համակարգը դարձնել ինքնաշխատ, ներդնել հասցեավորման հստակություն ու ճշգրտություն ապահովող մեխանիզմ։

 

 

 Աշխատանքը կիրականացվի 3 փուլով։ Մինչև այս տարեվերջ պետք է կատարելագործվի օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցվի հայեցակարգին, իրականացվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը։ Միջոցառումների առաջին փուլը Կադաստրի կոմիտեն սրանով կավարտի։

 Երկրորդը թերությունները վերհանելու, վերացնելու և համակարգի պիլոտային գործարկման փուլն է, որը պետք է ավարտվի 2020 թվականի հունիսին։ Հանրապետության երկու համայնքներում համակարգի պիլոտային գործարկման աշխատանքին կմիանա նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որն այս հարցում Կոմիտեի հետ համատեղ կաշխատի մինչև 2021 թվականի ավարտը. սա երրորդ փուլի առաջին մասն է, որում պետք է ապահովվի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացումը, իսկ ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն ընձեռվի։ Միաժամանակ, հասցեավորված օբյեկտների վերաբերյալ բոլոր համայնքներից ստացված տվյալները կմուտքագրվեն և կհամակցվեն կադաստրային քարտեզներին։

 Ինտեգրված կադաստրի հետ փոխգործելիության շրջանակում 2021 թ. դեկտեմբերին ամբողջովին կգործարկվի առցանց համակարգը՝ ապահովելով նաև պետական և մասնավոր ռեգիստրների, այլ համակարգերի փոխգործելիությունը, տեղեկատվության ինքնաշխատ կերպով արտացոլումը կադաստրային և առցանց տիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex Map և այլն)։ Այս փուլում Կոմիտեի գործընկերը կլինի «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն։