Դեպի վեր
Նորություններ

21.05.2019

Մինչև 2023 թվականի ավարտն անշարժ գույքի կադաստրը պետք է դառնա ինքնաշխատ ու ամբողջովին առցանց, պետք է գործարկվի Ինտեգրված կադաստրը


 Հայաստանի կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց 2019-2023 թվականների իր գործունեության միջոցառումների ծրագիրը, որից առանձնացնենք «կադաստրային պարտավորությունները»։ Այսպես, 2023 թվականի դեկտեմբերին պետք է ամբողջովին գործարկվի Ինտեգրված կադաստրը, իսկ անշարժ գույքի կադաստրը նույն ժամկետում պետք է ամբողջովին առցանց, ինքնաշխատ և անթուղթ դառնա։

 

 

 Ըստ նույն ծրագրի, 2021 թվականի դեկտեմբերին պետք է գործարկվեն հասցեների միասնական ռեգիստրը և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգը։ Մինչև 2023 թվականի նոյեմբեր պետք է ավարտվի երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրումը, պետք է ուղղված լինեն կադաստրային քարտեզներում առկա անճշտությունները։

 2021 թվականի դեկտեմբերին պետք է ավարտվի Պետական գեոդեզիական (GNSS) ցանցի արդիականացումը, նույն ժամկետում պետք է ստեղծվի աշխարհագրական անվանումների առցանց քարտադարանը, 2023-ի դեկտեմբերին՝ Հայաստանի ազգային նոր ատլասը։ 2020 թվականի մարտ ամսին պետք է սահմանվեն Հանրապե­տության հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության  հողերի կադաստրա­յին գները, ապա տարեկան մեկ անգամ պետք է կազմվի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն (հողային հաշվեկշիռ)։