Դեպի վեր
Նորություններ

21.05.2019

Սպասարկման 13 գրասենյակ և զանգերի կենտրոն՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց


 «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Կադաստրի կոմիտեում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները՝ ծրագրերի քաղաքականության խորհրդատուներ Դավիթ Հարությունյանը, Գեորգի Արզումանյանը, իննովացիոն քաղաքականության ղեկավար Տիգրան Ճորոխյանը, ծրագրերի համակարգողներ Մարինե Մալխասյանը, Լիլիթ Միդոյանը, ծրագրի տեխնիկական ղեկավար Հովիկ Սայադյանը:

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց Կադաստրի համակարգում արված և դեռևս նախաձեռնությունների փուլում գտնվող անելիքները.

 «Սպասարկման ամբողջ տրամաբանությունը կփոխվի, երբ սպասարկման ծառայություններ կմատուցվեն ոչ միայն Կադաստրի գրասենյակներում, այլև շուրջ 200 պետական և մասնավոր կառույցներ կունենան օպերատորի կարգավիճակ, և մարդիկ ամեն ինչի համար ստիպված չեն լինի Կադաստր դիմել»:

 


 Կարևորելով ԵՏՀ (GIS) համակարգի ներդրումը, Կոմիտեի ղեկավարը հավաստեց՝ «ամեն ինչ արվելու է, որպեսզի արդեն հաջորդ տարի կյանքի կոչվի մեր հավակնոտ ծրագրերից մեկը, և նրանց բոլորի տվյալների բազան մուտքագրված լինի Ինտեգրված կադաստրի հարթակում»:

 Այսօր առցանց է Կադաստրի ծառայությունների 70-80 տոկոսը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսված է փաստաթղթերից կնիքի վերացումը, ինչն ամբողջական կդարձնի առցանց, անթուղթ և ինքնաշխատ կադաստրի գաղափարը:

 «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում հյուրերի հետ քննարկվեց Կոմիտեի՝ մարզային 10 և երևանյան 3 սպասարկման գրասենյակներում  հաշմանդամություն, տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց սպասարկելու ծրագիրը:

 Արդեն գործնական փուլում է Կոմիտաս 35/2 հասցեում զանգերի կենտրոն ստեղծելու գաղափարը, որտեղ նախատեսվում է ունենալ 5 աշխատակից, որոնցից 3-ը կլինեն հաշմանդամություն ունեցող անձիք: Վերելակը, 40 քմ տարածք ունեցող կենտրոնը կունենան հարմարեցված բոլոր հնարավորությունները աշխատակիցների համար, այդ թվում նաև՝ խոհանոցային փոքրիկ տարածք:

 Կոմիտեի շինարարական աշխատանքների համակարգող Իրինա Մերդինյանը ներկայացրեց տարածքի եռաչափ մոդելը, գծագիրը, սենյակները:

 Զանգերի կենտրոնում նախատեսվում է ունենալ վերապատրաստված աշխատակիցներ, որոնք կմատուցեն տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ, կպատասխանեն թեժ գծի հեռախոսազանգերին:

 Հայաստանի Հյուսիս-արեւելյան մասի կայուն հողերի և անտառների կառավարման խթանման ծրագրի տեխնիկական ղեկավար Հովիկ Սայադյանին հետաքրքրում էր անտառների օդալուսանկարահանումը, սահմանների ճշտումը: Կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ շատ արդյունավետ է.

 «Կարծում եմ՝ հոկտեմբերին կավարտենք անտառների օդալուսանկարահանումը, նախարարության հետ կճշտվեն սահմանները, իսկ հետագայում հինգ տարին մեկ օդալուսանկարահանումները կթարմացվեն»: