Դեպի վեր
Նորություններ

22.05.2019

Ֆանտաստիկ հնարավորություններ խոստացող «հաճելի խաղալիքը».Վաղարշապատի պիլոտային ծրագրի ընթացքը ստուգվեց տեղում


 «Երբ արդեն կունենանք այս «հաճելի խաղալիքը», ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչպես այն գործածենք»,- Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի խոսքն ուղղված էր Վաղարշապատի քաղաքային իշխանության ղեկավարներին, իսկ կատակով «հաճելի խաղալիք» անվանվածը երկրատեղեկատվական համակարգն է (GIS), որի ստեղծման պիլոտային ծրագիրը մարտ ամսից այդ համայնքի թե' կառուցապատված, թե' չկառուցապատված հատվածներում իրականացնում է Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։

 

 

 Մասնագետներն այսօր անօդաչու սարքի թռիչքից առաջ, ինչպես միշտ, չափեցին քամու արագությունը՝ նորմալ է, և օդ հանեցին այն։ Օդալուսանկարահանման արդյունքում մշակվում են օրթոֆոտոհատակագծեր, որոնց հիման վրա կատարվում է հանութագրում. պարզ ասած, վերգետնյա ենթակառուցվածքների (խողովակաշարեր, լուսավորության սյուներ, հաղորդալարեր, ալեհավաքներ…) «գույքագրում» և «արձանագրում»։ Պիլոտային է, ուստի Կոմիտեն է իրականացնում այդ աշխատանքը։ Բայց երբ ստեղծվի Ինտեգրված կադաստրը, ամեն ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունները, պետական այլ մարմիններ կամ մասնավոր ընկերություններ հնարավորություն կստանան արձանագրելու, ճշգրտելու, թարմացնելու՝ ամեն մեկն իր «սպասարկած» ոլորտի տվյալները։

 

 

 Օդալուսանկարահանման փուլը Վաղարշապատի պիլոտային ծրագրում ավարտված է։ Մասնագետները շարունակում են «արձանագրել» ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքները՝ դիտահորերից մինչև անգամ համայնքային մեծ աղբամանները։ Հանութագրումը, Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի բնորոշմամբ, «ամբողջ Հանրապետության մասշտաբով ֆանտաստիկ հնարավորություններ է բացելու բոլորի առջև»։ Այս տվյալները նաև կադաստրային քարտեզները ճշգրտելու և թարմացնելու հնարավորություն կտան, առավել հիմնավոր կդարձնեն քաղաքային իշխանության որոշումները՝ շինթույլտվությունից մինչև քաղաքի բարեկարգում։

 «Օրինակ, էլեկտրասյուների՝ մեր նշումների հիման վրա հաշվարկ կատարելով, հետագայում կարող եք կազմել ձեր քաղաքի լուսավորման նոր նախագծերը»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը։

 Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի այլ առավելություններ ևս՝ ամփոփելով.

 «Այսօր մենք նայեցինք. պիլոտային ծրագրի ուղղությունները ճիշտ են վերցված։ Ինչը որ շտկելիք է, լուծումներ կգտնենք»։

 


 Վաղարշապատի փոխքաղաքապետ Մհեր Մկրտչյանն ասաց, որ ծրագիրը շատ ոգևորիչ է՝ «ամենալավ բանն է մեզ համար, որ քարտեզները ճշտվում են»։ Պարզվեց, որ փոխքաղաքապետին այս ծրագրի նրբությունները բացատրելու կարիք այնքան էլ չկա, նա ասաց, որ 12 տարի Կադաստրի համակարգում է աշխատել։