Դեպի վեր
Նորություններ

22.05.2019

Կոմիտեն բանակցում է Esri-ի հետ՝ Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման համար


 Ինտեգրված կադաստրի ստեղծման ու գործունեության փուլերում Հայաստանի կադաստրի կոմիտեի հետ որքանո՞վ կարող է համագործակցել Երկրատեղեկատվական քարտեզագրման (GIS) համակարգչային ծրագրեր արտադրող Esri ամերիկյան ընկերությունը։ Esri-ի ներկայացուցիչներ Կարշտեն Բյոռնսոնին և Բագրատ Բալաբանյանին այդ նպատակով էին հրավիրել Կադաստրի կոմիտե. ինչպես պատկերավոր ասաց Սարհատ Պետրոսյանը՝ հասկանալու, թե մեր երազանքի մի փոքրիկ մասն էլ կարո՞ղ են նրանք իրականացնել։ Այս հարցում Կոմիտեն արդեն աջակիցներ ու համագործակիցներ ունի՝ ի դեմս ամերիկյան, ճապոնական կազմակերպությունների, հայաստանյան երեք համալսարանների…

 

 

 Հյուրերը նշեցին, որ պատկերացնում են նման գաղափարն իրականացնելու ճանապարհին եղած մարտահրավերները, որ բավական հաջող նման փորձ իրականացրել են Աբու Դաբիում։ Վերջնական որոշակի պայմանավորվածությունից առաջ նրանք պետք է իրավիճակի գնահատում անցկացնեն և առաջարկներ մշակեն՝ ինչպես անել. չէ՞ որ տեխնոլոգիաներն աշխարհում շատ արագ են զարգանում, ուրեմն նաև՝ նույն արագությամբ հնանում։ Նաև այս ոլորտի հարցերը համակարգող տեղակալ Լևոն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանի կադաստրում այժմ կիրառվող ծրագիրն ու թե ինչ է նախանշվում մշակել։ Հյուրերը տեղեկացան նաև, որ Հայաստանի պետական կամ տեղական մարմինները մինչ այս նախկինում երբևէ չէին կարևորել երկրատեղեկատվական համակարգերը (GIS) և դրանց հսկայական տնտեսական նշանակությունը։

 Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանի հետ ընկերության ներկայացուցիչներն առանձին և առավել դետալային քննարկում կունենան։  

 Այս տարվա հուլիսի 8-ին Esri-ն «յուզերների» համաժողով է նախաձեռնել Սան Դիեգոյում, որին մասնակցելու հրավերը սիրով ընդունեց Կոմիտեի ղեկավարը («մեզանից առնվազն մեկը, լավագույն դեպքում՝ երկուսը, կմասնակցեն»)։ Համաժողովի կարգախոսն է՝ «GIS-բանական և զգայական համակարգ»։