Դեպի վեր
Նորություններ

23.05.2019

ՀՀ կառավարությունը հաստատեց Ինտեգրված կադաստրի հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը


 2023 թվականից Հայաստանի վարչապետը, կառավարությունը որոշումներ ընդունելիս հենց գործադիրի շենքում կկարողանան համաժանակյա ռեժիմով դիտարկել Հայաստանի տարածքի ցանկացած անկյուն. այսպիսի ակնկալիք փոխանցեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և միջոցառումները կառավարության նիստում ներկայացնելիս։ 2023 թվականին համակարգը պետք է ամբողջովին գործարկված լինի. պարտավորությունը Կադաստրի կոմիտեն ստանձնել է ՀՀ կառավարության ծրագրով.

 «Դժվար է այս պահին գնահատել ներկայացվող համակարգի ավելացված արժեքն ու տնտեսական արդյունքը, քանի որ հընթացս կբացահայտվեն Ինտեգրված կադաստրի կիրառական օգտագործման բազմաթիվ այլ ուղղություններ։ Սակայն փաստ է, որ առաջին անգամ Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է երկրի տարածքի ամբողջական, պայմանականորեն ասված՝ գույքագրում, որի արդյունքում միայն հնարավոր կլինի պատշաճ, բազմակողմանիորեն դիտարկված և օպերատիվ որոշումներ կայացնել»։  

 Ինտեգրված կադաստր՝ նշանակում է, որ համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները։ Առաջինը՝ որպես «պիլոտային կադաստր», մեկտեղվելու են հուշարձանների կադաստրային տվյալները։ Կոմիտեն ձեռնարկել է Վաղարշապատ բնակավայրի համար պիլոտային համակարգի քարտեզագրումը, ինչի հիման վրա մշակվելու են ազգային տարածական տվյալների ստանդարտները, որոնցով իրականացվելու է հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների առկա համակարգերի քարտեզագրումը։ Առաջին անգամ կիրականացվի Հայաստանի ողջ տարածքի լուսանկարահանում, որից ստացված տվյալներով կճշտվեն կադաստրային քարտեզներն ու համաժամանակյա ռեժիմով հասանելի կլինեն նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Իսկ հայեցակարգի և ծրագրի ընդունումից հետո հաջորդ քայլը վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն է, որը կգնահատի տարբեր գերատեսչությունների կարիքներն ու պահանջները։ 

 Հայաստանում ինտեգրված կադաստրի համակարգ ունենալը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի մտահղացումն էր շատ վաղուց և մինչև պաշտոնավարումը։ Վերջին 9 ամիսների ընթացքում հին ու նոր մասնագետների թիմի հետ գաղափարը մշակվեց, հղկվեց, քննարկվեց այլ գերատեսչությունների, պետական ու մասնավոր մարմինների, անշարժ գույքի շուկայի դերակատարների հետ։ Նույն ճանապարհն անցավ նաև հասցեների միասնական ռեգիստր ունենալու գաղափարը։