Դեպի վեր
Նորություններ

30.05.2019

Կնիքի պահանջը կվերանա, վկայականը նաև «անթուղթ» կդառնա, գերատեսչությունը կկոչվի պարզապես Կադաստրի կոմիտե


 ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է. ևս մեկ քայլ՝ դեպի անթուղթ թվային կադաստր։ Պահանջը բխում է ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծման միջոցառումներից։ Այս ամենը ներառված է  ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության ծրագրում։

  «Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և  ավելացրեց, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայականներն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։  

 

 Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային Ժողովի ընդունմանը։