Դեպի վեր
Նորություններ

03.06.2019

Քաղաքացիների դիմումներին՝ ավելի արագ և հավաստի պատասխաններ (աշխատանքային խորհրդակցություն)


 Նախորդ շաբաթավերջին Կոմիտեի ղեկավարն ստիպված եղավ արտահերթ ընդունել Մարտունուց ժամանած 3 քաղաքացիների։ Նրանց խնդրին ծանոթանալուց և կադաստրային ակնհայտ ու հին, մեղմ ասած՝ բացթողումներ, նկատելուց հետո Սարհատ Պետրոսյանը խորհրդական Արամ Կարախանյանին այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարեց վերահսկողության վարչության աշխատակիցների հետ խիստ մանրազնին ուսումնասիրել Մարտունու բնակիչ Ասյա Մուշեղյանի բողոքը, եթե անհրաժեշտ է՝ աշխատանքային խումբ ստեղծել, զեկուցել արդյունքը։

 Եվ ընդհանրապես, ի՞նչ տեղեկություններ տրամադրել Կադաստրի կոմիտե դիմած քաղաքացիներին, պետական մարմիններին, եթե տրամադրվելիք փաստաթղթերում հակասական տվյալներ կան, կամ եթե որևէ տվյալ, հնարավոր է՝ ճիշտ չլինի։

 

 

 «Քարտեզների դեպքում, պարզ է, գուցե օբյեկտիվ խնդիր կա։ Չնայած, մենք դրա համար էլ ենք պատասխանատու և գուցե ղեկավարի պաշտոնում իմ նշանակումից հետո պետք է հետևողական լինեինք, որպեսզի պատժվեին այդ քարտեզները «փչացնողները»,-ասաց Պետրոսյանը։

 «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանը պետք է մեկ շաբաթում այս խնդրի համար կարճաժամկետ լուծում առաջարկի, մեկ ամսում՝ համակարգային.

 «Այսինքն, ո՞նց հասկանանք՝ մեր տրամադրելիք տվյալը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Կամ եթե գիտենք, որ սխալ է, սխալն անողը դրա համար պատասխանատվություն կրե՞լ է»։

 Ընդհանուր բաժնի ղեկավարությանը Պետրոսյանը հանձնարարեց քաղաքացիների դիմումներին պատասխանելու առավելագույն ժամկետ սահմանել 15 օրը՝ ներկայիս 30-ի փոխարեն, և խստագույնս հետևել նոր ժամկետը պահպանելուն.  

 «Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր աշխատակիցներն աշխատանքային լավ պայմաններ ունենան, բայց և դրան համարժեք աշխատանք ենք պահանջում»։



 Աշխատանքային պայմանների խնդիր ունենք Կադաստրի՝ Կոմիտասի շենքի մի մասում։ Սա ամրագրելուց հետո Կոմիտեի ղեկավարը տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանին հանձնարարեց շաբաթը երկու անգամ լինել մասնաշենքում և առավելագույնը մեկ ամսում ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ՝ սկսած դուռ-լուսամուտից և սանհանգույցից.  

 «Մեկ ամսից ստուգելու ենք։ Նաև շենքում պետք է վերացնել տնավարի վիճակը։ Եվ ընդհանրապես, համակարգի ցանկացած անկյունում ճաշ պատրաստողները, բադրիջան խորովողները, ժամը 9-ից 18-ը՝ չուստերով աշխատողները, խստագույնս կպատժվեն»։

 Նախորդ խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր սպասարկման գրասենյակներում և ստորաբաժանումներում գույքագրել անձնական կահույքի առկայությունը։ Նաև նշել էր, որ այդ տարածքներում թույլատրվում է անձնական իրերից ունենալ միայն հեռուստացույց, սառնարան և գրասենյակի պետի կամ ստորաբաժանման ղեկավարի աթոռ, էլեկտրական թեյնիկ ու սրճեփ։ Գրասենյակների մասով, վարչության պետ Արման Օսիկյանն ասաց, գույքագրումն արված է.

 «Եթե որևէ գրասենյակի ղեկավար կամ վարչության պետ տանից կահույք է բերել, թող տանի իր ամառանոց, կամ էլ այդ գույքն արդեն իրենը չի,- ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ այս շաբաթ անձամբ է ստուգելու իրավիճակը»։

 Նախորդ շաբաթ Սարհատ Պետրոսյանը հանձնարարել էր պարզել, թե ինչպես է ստացվել, որ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը մայիսի 25-ին չի մասնակցել աղետի գոտու ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց վերաբնակեցման աշխատանքային պետական խմբի հերթական նիստին։ Զեկուցվեց, որ ներկայացուցչին՝ Շիրակի մարզի ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանին չի փոխանցվել նիստի ժամկետի մասին տեղեկությունը, ինչի համար գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանն արժանացավ բանավոր նախազգուշացման։