Դեպի վեր
Նորություններ

05.06.2019

Աղետի գոտում բնակվողի անշարժ գույքի տվյալ տրամադրելը ո'չ «մեկ քլիքով» հեշտ աշխատանք է, ո'չ էլ՝ կամավորի գործ


 «Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի գրանցման պետական ռեգիստրն է և աղետի գոտում հաշվառում իրականացնելու գործառույթ երբեք չի ունեցել, մինչդեռ Քաղաքաշինության կոմիտեն, մարզպետարաններն ունեցել են գործառույթներ, որոնք տարիներ շարունակ կա'մ իրականացրել են, կա'մ չեն իրականացրել»,- պատասխանելով Factor.am կայքի լրագրողի հարցին, ասաց Սարհատ Պետրոսյանը:

 Լրագրողի հիշեցմանը, թե «Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ահազանգել է, որ Կադաստրի կոմիտեն սաբոտաժի է ենթարկում վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքը, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասել է, թե Կադաստրի կոմիտեն «պադվադիտ» է անում», Պետրոսյանը պատասխանեց.

 «Այդ երկու բառերը շատ զվարճալի են թվում, բայց «սաբոտաժի» համատեքստում ասում էին, թե մեր գործի 13 տոկոսն ենք արել, «պադվադիտի» դեպքում՝ 20, իսկ այդ նույն օրվա դրությամբ մենք արել էինք գործի մոտ 30 տոկոսը»:

 Այսօր արդեն փոխանցվել է Լոռու մարզին վերաբերյալ պահանջված տվյալների 74, Շիրակի մարզի վերաբերյալ՝ 35 տոկոսը։

 

 Կադաստրի կոմիտեն պետք է աշխատանքային խմբին տվյալներ ներկայացնի, թե աղետի գոտու ժամանակավոր կացարաններում բնակվողները կամ անօթևաններն իրո՞ք չունեն անշարժ գույք, մոտ 16 հազար մարդու մասին են տվյալ ուզել։

 «Եվ դա մեկ հարվածով ստացվող, կամ ասենք, Excel ծրագրի ցուցակ չի, որ սեղմենք ու ասենք, թե աղետի գոտում քանի հոգի տուն ունի կամ չունի»:

 16 հազար հարցում՝ երբ տվյալ տեղեկանքները պատրաստող 7 հոգանոց անձնակազմը 2018 թվականին ամբողջ տարվա ընթացքում 14 հազար հարցման է պատասխանել։ Եվս 7-ով վերջերս ավելացավ անձնակազմը, բայց այս տարվա ընթացքում միայն պետական մարմիններն ու բոլոր գերատեսչությունները միասին 45 հազար հարցում են ներկայացրել։ Այսինքն, ունենք հարցումների 300%-ով աճ, այն դեպքում, երբ մի շաբաթ առաջ ունեցել ենք մարդկային ներուժի 200% հավելում։ Ի դեպ, աղետի գոտու տվյալների դեպքում վերջնաժամկետը հունիսի 30-նն է.

 «Եթե պատշաճ աշխատանքի համար  Կադաստրից պետք էր տեղեկություններ ստանալ ապրիլի 1-ին, աշխատանքային խմբի ղեկավարը մեզ պետք է դա հունվարի սկզբին ասեր, որպեսզի հետագայում «սաբոտաժ», «պադվադիտ» և այլ բառերով չորակեին մեր աշխատանքը: Մենք մեր վերջնաժամկետում կհասցնենք կատարել Վարչապետի հանձնարարականը, և որևէ մեկն իրավունք չունի այդպիսի անպատասխանատու որակումներ տալ մեր աշխատանքին»:

 Ինչ վերաբերում է Բարսեղյանի առաջարկին, թե կարող են կամավորներ ուղարկել օգնելու Կոմիտեին

 «Ես առաջարկել եմ հաջորդ անգամ Երևան գալիս իրեն ցույց տալ, թե ինչպես է իրականացվում այդ աշխատանքը: Դա կամավորի գործ չէ: Եթե մենք չենք ուզում «ծածկադմփոց» անել, տվյալներ տալ, որոնցով կհայտնվենք նախկին վիճակում, ու կպարզվի, որ մարդիկ կան՝ երեք անգամ բնակարան են ստացել: Որակ ստանալու համար դա պետք է անեն ոչ թե կամավորները, այլ մասնագետները»: