Դեպի վեր
Նորություններ

06.06.2019

Սարհատ Պետրոսյան՝ Իմ թերացումն է եղել մեծ բացթողումների համար պատասխանատվության հարց չբարձրացնելը


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հունիսի 5-ին հրավիրած ասուլիսում ամփոփելով վերջին ամիսների իր աշխատանքը, որոշեց խոսել նաև բացթողումների մասին, «չնայած երևի անսովոր է նման բան լսելը»։ Նա մի քիչ ավելի հետ գնաց՝ մինչև իր նշանակումն այս պաշտոնում, երբ «այստեղ եղածի ու իր արժեքների», «հին ու նոր» մարդկանց հետ սկսեց նոր աշխատաոճ ձևավորել.

 

 

 «Բայց մի բանում թերացա, ափսոսում եմ, որ այստեղ խոշոր բացթողումներ թույլ տվածների պատասխանատվության հարցն այն ժամանակ չբարձրացրի՝ մտածելով, որ դրանք կարելի է համարել թերացումներ և չարժե խաթարել երիտասարդ մասնագետների հետագա կարիերան»։   

 Ամեն դեպքում, ակնհայտ չարաշահումների և խախտումների բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել, ուղարկվել իրավապահ մարմիններին։ Կադաստրի կոմիտեն այդ դեպքերի մասին առաջին բարձրաձայնողը չէ, քանի որ, ինչպես Պետրոսյանն ասաց, մարդու սեփականության իրավունքի երաշխավորն է, և չպետք է մտնի իրավապահների դաշտը։

Բացահայտված են կոռուպցիոն մի շարք սխեմաներ՝ համայնքային հողերն իրականից էժան ձեռք բերելու գործարքներ (օրինակ, Ծաղկաձորում Հրազդանի «անվան տակ» էժան հողեր գնելու սցենարը, Պտղնիում նման միայն մեկ գործարքը Երևանի համայնքին մոտ 300 հազար դոլարի վնաս է հասցվել), գյուղատնտեսական հողերը հանքարդյունաբերությանը «զոհելու» սխեմա (օրինակ, Ռանչպար գյուղի դեպքը) և այլն։ Բացահայտվել և «կոտրվել» են կոռուպցիոն համակարգային «ավանդույթներ» նույնպես.

 «Ամբողջովին կազմաքանդվել է Երևանի քաղաքապետարան-կադաստրի կոմիտե կոռուպցիոն սխեման՝ քաղաքապետարանի, ու հատկապես Երևանի քաղաքապետի շնորհիվ»։

 «Առավոտի» հարցին, թե Կադաստրում նույնպե՞ս փաստաթղթեր են ոչնչացվել մինչև իր նշանակվելը, ինչպես ԱԱԾ-ում, Պետրոսյանը պատասխանեց, որ զանգվածային նպատակային ոչնչացման նշաններ այս պահին չեն նկատվել.

 «Մոտ 6 միլիոն թղթապանակ է պահվում եր արխիվներում, բոլորը միաժամանակ ստուգել չենք կարող, բայց եթե ինչ-որ փաստաթուղթ պակասում է, խստորեն հետամուտ ենք լինում… Մեզ մոտ «դեսպոտային պայմաններ չեն», ինչպես մեկը գրել էր, բայց պատասխանատվության հարցը շատ լուրջ է դրված»։

 Այս թեման եզրափակելով, Սարհատ Պետրոսյանը հիշեցրեց նախորդ ասուլիսում իր հնչեցրած ձևակերպումը՝ «Մեր արխիվները, ինչքան նայես՝ նայվում են»։