Դեպի վեր
Նորություններ

06.06.2019

Կոնդում «կադաստրային թնջուկի» արագ լուծման համար սեփականատիրոջ համաձայնությունն է պետք


 «Կոնդի խնդիրը մեր համակարգի համար նոր չէ: Այս դեպքում էլ, կարելի է ասել, գործել է պայմանական ասած՝ Կադաստր-Երևանի քաղաքապետարան «մաֆիան», և որոշ դեպքերում, այո', գրանցումները նպատակադրված կերպով չեն արվել կամ սխալ են արվել»,- հունիսի 5-ի ասուլիսում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Armdaily.am-ի լրագրողի հարցին պատասխանելով, Պետրոսյանն ասաց նաև, որ լուծումներից մեկը սա է՝ սեփականության վկայականի տվյալները համապատասխանեցնել փաստացի տվյալներին, բայց՝ անպայման քաղաքացու համաձայնությամբ.

 «Եթե՝ ոչ, փակուղային իրավիճակ է ստեղծվում և՛ մեզ համար, և՛ քաղաքացու»:

 


 Գոնե լուծելի խնդիրների դեպքում դատական ճանապարհով չգնալու, քաղաքացիների հոգսը թեթևացնելու նպատակով Կոմիտեում ստեղծվել է վերադասության կարգով բողոքարկման հանձնաժողովի ինստիտուտը, ինչը հնարավորություն է տալիս սեփականության գրանցման՝ նախկինում միայն դատական միջամտությամբ կատարված փոփոխություններն իրականացնելու նաև առանց դատարանի.

 «Կարծում եմ, խնդիրների 15-20 տոկոսն այս ճանապարհով հնարավոր է լուծել: Կոնդի բնակիչների խնդիրների մի մասի լուծումը սա է»:

 Սխալ քարտեզների խնդիրը կա նաև Սարի թաղում, մայրաքաղաքի և Հանրապետության այլ հատվածներում, ուստի, Կոմիտեն զուգահեռաբար դրանց հիմնավոր լուծման համար պիլոտային ծրագրեր է իրականացնում Վաղարշապատում և Արմավիրի մարզում. 

 «Ավարտին կհասկանանք, թե արդյոք մենք ճի՞շտ ճանապարհով ենք գնում, թե՞ ոչ: Եթե տարեվերջին կարողանանք ասել, որ փորձը հաջողվել է, ապա մենք առավելագույնը 2-3 տարում կադաստրային  քարտեզների ողջ բազան կփորձենք բերել պատշաճ տեսքի»: