Դեպի վեր
Նորություններ

10.06.2019

Սարհատ Պետրոսյան՝ Կադաստրում վերահսկողական լիազորություն պետք է ունենա միայն մեկ ստորաբաժանում (աշխատանքային խորհրդակցություն)


 Հունիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունն սկսելով շաբաթօրյակին մասնակցության շնորհակալությամբ, Կոմիտեի ղեկավարն անցավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին տվյալներին, որոնցից մեկին աշխատակիցներն անհամբեր սպասում են Կադաստրի կոմիտեի Կոմիտասի 35/2 շենքում։ Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանը զեկուցեց, որ ջրամատակարարման հարցը մոտավորապես 60 տոկոսով լուծված է, իսկ «մնացածն ընթացքի մեջ է»։

 Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց, որ այդ շենքում տեղակայված երեք միավորների ղեկավարները (անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն), գրություններ ներկայացնեն իրենց ղեկավարած տարածքներում շենքային-աշխատանքային պայմանների բարելավման կարիքների վերաբերյալ։ Նախորդ շաբաթվա խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարը Հովակիմյանին հանձնարարել է մեկ ամսում բարելավել պայմանները, և այդ նպատակով շաբաթը երկու անգամ լինել Կադաստրի՝ Կոմիտասի 35/2 շենքում։

 

 

 Ինչ վերաբերում է նոր հանձնարարականներին, կանոադրական փոփոխությունների համատեքստում առնվազն մեկ սզբունքային առաջադրանք այսօրվա խորհրդակցությանը հնչեցրեց Պետրոսյանը.

 «Կադաստրի ողջ համակարգում վերահսկողական լիազորություններ պետք է ունենա միայն մեկ ստորաբաժանում, և դա պետք է լինի ներքին վերահսկողության վարչությունը»։

 Նրա փոխանցմամբ, հատկապես խիստ վերահսկողության պետք է ենթարկվեն կադաստրի սպասարակման գրասենյակները, և Կոմիտեի գործունեության առաջնահերթություններից է գրանցման, հաշվառման գործընթացների ճշգրտությունը։ Այս որակները կարևոր են նաև Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքում, ուստի, բացի ևս 7 նոր հաստիքային աշխատակից այդ ստորաբաժանումում ներգրավելուց, աշխատանքի որակի բարձրացման այլ լուծումներ են նաև մշակվում Կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ.

 «Այդ լուծումներից հետո կսկսենք աշխատել վերահսկողական մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»,-եզրափակեց Սարհատ Պետրոսյանը։