Դեպի վեր
Նորություններ

17.06.2019

Կադաստրի կոմիտեն բյուջետային ծրագրերի հանրային քննարկում էր հրավիրել


 Ի տարբերություն շատ գերատեսչությունների, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի բյուջեն ունի նաև եկամտային մաս։ 2019 թվականին կանխատեսվող եկամուտները 4 մլրդ 730 մլն դրամ են, ծախսերը՝ 3 մլրդ 990 մլն դրամ։ Նույն տրամաբանությամբ են բաշխվել առաջիկա 3 տարիների եկամուտները և ծախսերը.

 «Դրանք իրար «կոմպենսացնում են», և այդ կտրվածքով պետական բյուջեից հավելյալ գումարներ չենք պահանջում»,-Կոմիտեում հունիսի 17-ին հրավիրված բյուջետային հանրային քննարկմանն այսօր ասաց Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Փաստաթղթերի 63 էջանոց փաթեթին կարելի է ծանոթանալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում։ Առաջիկա տարիների խոշոր ծախսերը հիմնականում կապիտալ շինարարության ոլորտում են նախատեսված, բայց երկարաժամկետ կտրվածքով դրանք «շահավետ» են լինելու։

 Վանաձոր քաղաքում կադաստրային արխիվը կենտրոնացնելու նպատակով շենքը հիմնանորոգելու և նոր մասնաշենքով լրացնելու համար նախատեսված է շուրջ 900 մլն. գումար, ինչը, կարելի է ասել՝ փոխհատուցվում է Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումների թվի աստիճանական կրճատմամբ. նախկինում եղած 6-ի դիմաց այժմ 4 ստորաբաժանում կա։ Հանրապետությունում գործող սպասարկման 40 գրասենյակներից հետագայում 20-նն է մնալու, բայց դրանք հիմնանորոգվելու են, և 2022-2023 թվականներին համակարգում  լինելու են միայն ժամանակակից, «նոր տիպի» գրասենյակներ։

 «Այդ ծախսերի հանրագումարից ավելի մեծ արժողության պետական սեփականության անշարժ գույք է ազատվում և հանձնվում պետության տնօրինությանը»։ 

 Խոշոր ծախսերից մյուսը՝ շուրջ 1,3 մլրդ դրամ, ուղղվելու է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտ, որտեղ 3 տարում ստեղծվելու է Ինտեգրված կադաստրը։

 «Կարծում եմ, շատ տեղին ծախս է լինելու, որովհետև էականորեն նվազեցնելու է տարբեր պետական մարմինների ծախսած ռեսուրսները»,-ասաց Պետրոսյանը։

 Կադաստրի կոմիտեի 2020 թվականի բյուջետային հայտի, հնգամյա և միջնաժամկետ ծախսային ծրագրերի՝ հունիսի 17-ի քննարկմանը ՀՀ հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանի հարցերը հատկապես Ինտեգրված կադաստրի ստեղծմանն էին վերաբերում, ու մասնավորապես, գյուղատնտեսական հողերի կադաստրային տվյալների ճշտմանն ու մեկտեղմանը։ Նրա փոխանցմամբ, Հայաստանում գուղատնետսության զարգացման հիմնական խոչընդոտը ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի բացակայությունն է։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ի պատասխան նշեց, որ Կոմիտեն նախատեսում է 4 տարում գյուղատնտեսական հողերի քարտեզագրմանը 1 մլրդ 850 մլն դրամ ուղղել, և որ Արմավիրի մարզում պիլոտային ծրագիրը մեկնարկել է։

 Դրսից ներկաներին հետաքրքրեց նաև հասցեների միասնական ռեգիստրի ստեղծումը, որի, ինչպես և Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգն ու այդ նպատակով իրականացվելիք միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարությունը վերջերս է հաստատել։ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Արմինե Հակոբյանն առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց անշարժ գույքի հարկման բազայի նոր հաշվարկի վերաբերյալ Կոմիտեի ներկայացրած օրինագծի նկատմամբ, որն առաջիկայում ՀՀ կառավարության նիստում հաստատվելու դեպքում կուղարկվի Ազգային Ժողով։

Կադաստրի կոմիտեի բյուջետային փաստաթղթերի շուրջ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք մինչև հունիսի 24-ն ուղարկել main@cadastre.am հասցեով՝ թեմայի տողում նշելով Public Hearing բառերը։