Դեպի վեր
Նորություններ

01.07.2019

Իրավականից մինչև տնտեսական. աշխատանքային խորհրդակցություն


 Աշխատանքային խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավարն այսօր բացեց Արամ Կարախանյանին ուղղված շնորհավորանքով՝ տեղակալի պաշտոնում նշանակվելու առիթով.

 «Վստահ եմ, որ պրն Կարախանյանը էական ներդրում կունենա ամենօրյա աշխատանքում և հատկապես օրենսդրության մշակման մասով։ Բախտավորություն է, որ կարողացել ենք նրան ներգրավել մեր ղեկավար կազմում»։



 Կոմիտեում իրավական ակտերի մշակման և շրջանառության նոր կարգին մեկ անգամ ևս անդրադառնալով, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ իհարկե, այդ փաստաթղթերի վերջնական պատասխանատուն իրավաբանական վարչությունն է, բայցև սկզբնական փուլի համար պատասխանատու են տվյալ ոլորտը համակարգող վարչությունները. նրա'նք պետք է պատրաստեն տեղեկանքը, ուղարկեն իրավաբանական, վերջինս՝ տվյալ ոլորտի տեղակալին, ապա՝ Կոմիտեի ղեկավարին և հանրային կապերի բաժին.

 «Ես, իհարկե, տեքստերի վրա աշխատելու եմ, բայց դրանք պետք է Ձեր պատրաստածը լինեն։ Նախկին տեղակալն ինքն է արել ամբողջ գործը, այլևս այդպես չի' լինելու»։

Հունիսի 30-ի մասնագիտական տոնի առիթով մեկ անգամ ևս շնորհավորելով, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ տոնական օրը նաև բանավեճի է ականատես եղել, թե իրականում ում տոնն է այն.

 «1997 թվականի հունիսի 30-ին կառավարությունը որոշում է ընդունել անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգ ստեղծելու մասին: Տոնը կոչվում է միայն հողաշինարարի և գեոդեզիստի, իսկ մյուսնե՞րը։ Խնդրում եմ երկարաժամկետ կտրվածքով նախագիծ մշակել տոնի անվան շուրջ»։

 

       Կոմիտեի ղեկավարը երկարաժամկետ կտրվածքով առաջարկեց նաև վերլուծել, թե արդյոք նպատակահարմար չէ՞ անշարժ գույքի սեփականության վկայականներն ի սկզբանե պատրաստել հայերենին կից նաև անգլերեն տվյալներով, որպեսզի թարգմանության անհրաժեշտության դեպքում քաղաքացին ավելորդ գործողությունների և ծախսերի հետևից չընկնի։ 


 

 Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանին Պետրոսյանը հանձնարարեց արձակուրդից վերադառնալուց հետո մեկ շաբաթում լուծել Կադաստրի՝ Կոմիտաս փողոցի մասնաշենքում, իր բնորոշմամբ՝ դեռևս անտանելի պայմանների հարցը.

 «Եթե անհրաժեշտ է, կադրային փոփոխություններ կարվեն»։