Դեպի վեր
Նորություններ

08.07.2019

Նորաստեղծ խումբը կմշակի գնահատման նոր կարգի նախագիծը, վարչության 4 աշխատակիցներ «վերադարձան», Կոմիտասի շենքը թերևս կառավարիչ կունենա (աշխատանքային խորհրդակցություն)


 Կոմիտեում աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվեց, որ այսօրվանից շենքում աշխատակիցներին են միացել գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրագետներ Արաքսյա Տոնոյանը, Հայկ Մաթևոսյանը, բաժնի պետ Բագրատ Նազարյանը և գեոդեզիստ Ժորա Մարգարյանը (գործընկերները վերջինիս մասին ասում են՝ եթե Հանրապետությունում 3 գեոդեզիստ կա, նրանցից մեկը Ժորան է)։ Ավելի ճիշտ, նրանք վերադարձել են, քանի որ մոտ 10 տարի առաջ էին տեղափոխվել Կադաստրի մյուս՝ Կոմիտասի փողոցում գտնվող շենքը, որպեսզի ավելի մոտ լինեն «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետներին։ Ֆիզիկապես մոտ լինելու բոլոր պայմաններն արդեն ապահովում են կապի ժամանակակից միջոցները, և մասնագետները շենքում իրենց վարչության հետ են այսօրվանից։ 

 

 

 Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կոմիտասի մասնաճյուղում շենքային և աշխատանքային պայմանները բարելավելու շրջանակում առավել նպատակահարմար է համարվում շենքի կառավարիչ ունենալը, որն անմիջականորեն կզբաղվի այդ խնդիրների լուծմամբ և շենքային ընթացիկ հարցերով։

 Տեղեկացվեց նաև, որ Կոմիտեի ղեկավարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կմշակի և մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը ղեկավարին կներկայացնի կադաստրի համակարգում ներդրվելիք՝ աշխատանքի հիմնական գործունեության ցուցիչը (KPI : Key Performance Indicator) հաշվարկելու տարբերակի նախագիծը։ Այդ խմբում ընդգրկվել են ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը, գրանցման բաժնի պետ Էդգար Պետրոսյանը, սպասարկման մեթոդաբանության վարչությունից Նաիրա Խաչատրյանը, փորձագետ Անուշ Ղազանչյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից խորհրդական Կարինե Ոսկանյանը։   

 

 Աշխատանքային խորհրդակցությունն այսօր Կոմիտեում վարեց Արայիկ Սահակյանը. ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը գործուղվել են ԱՄՆ՝ Սան Դիեգոյում մասնակցելու Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի  (Environmental Systems Research Institute) «յուզերների» ամենամյա աշխատաժողովին։ Ղեկավարի պարտականությունները գործուղման ընթացքում կկատարի Արայիկ Սահակյանը։