Դեպի վեր
Նորություններ

10.07.2019

Կադաստրի կոմիտեն դատապարտում է իրավաբանական օգնության նպատակով ստացված անձնական տվյալների հրապարակումը


 Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին,  հունիսի 14-ին և հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը։

  Ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 6-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի պահանջների, բոլոր 3 հարցումներին Կադաստրի կոմիտեի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ Ավելին, հուլիսի 3-ին փաստաբան Հակոբյանին են տրամադրվել Քյարամյանին պատկանող գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճեններն ամբողջությամբ, քանի որ դիմողն արտոնագրված փաստաբան է («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Իսկ 2 օր անց՝ հուլիսի 5-ին, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անձնագրի, սեփականության վկայականի և կադաստրային գործից այլ փաստաթղթերի լուսապատճենները հրապարակվել են կայքերից մեկում տեղադրված հոդվածում։ Մինչդեռ նման եղանակով ստացված տեղեկությունները հրապարակելու կամ դրանց գաղտնիությունը պահպանելու հարաբերությունները կարգավորվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 

 

 Կադաստրի կոմիտեն ամեն կերպ փորձում է իր տրամադրության տակ եղած հրապարակելի տեղեկատվությունն առավել մատչելի և թափանցիկ դարձնել, և լրագրողների համար նույնպես այդ տեղեկատվության ստացումն օրենսդրորեն հեշտացնելու ուղիներ որոնել։ Սակայն Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի և անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, և դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպե'ս անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվել օրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը։

 

 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե