Դեպի վեր
Նորություններ

22.07.2019

Առաջիկայում՝ քննարկում կադաստրի ոլորտային մասնագետների հետ, իսկ քաղաքացիները միջանցքներում ոտքի վրա չեն սպասի (աշխատանքային խորհրդակցություն)


 Հուլիսի վերջին Կադաստրի կոմիտե կհրավիրվեն քարտեզագրողներն ու գեոդեզիստները, անշարժ գույքի չափագրողներն ու հողաշինարարները. այս մասին լրացուցիչ հայտարարություն կլինի։ Հանդիպումներ կլինեն ոչ միայն այս 4 ոլորտներում որակավորված մասնագետների հետ։ Քանի որ, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի ամրագրմամբ, նման հանդիպումները պետք է հրավիրվեն 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ոլորտային վարչությունների պետերին նա հանձնարարեց հետամուտ լինել և կազմակերպել այդպիսիք։

 Պետրոսյանի բարձրացրած մյուս հարցը Կադաստրի շենքի միջանցքներում քաղաքացիներին ոտքի վրա սպասեցնելու խնդիրն էր, հատկապես երբ նրանք հերթագրված են քաղաքացիների ընդունելության կամ վերադասության կարգով բողոքների քննման հանձնաժողովին հանդիպելու.

 «Մարդիկ չպե'տք է ոտքի վրա սպասեն, ծայրահեղ դեպքում աթոռնե'ր տեղադրեք միջանցքում, եթե սպասող կա։ Իսկ որ ավելի լավ է, պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար ընդունելության ճշգրիտ ժամ նշանակել և ընդունելության կարգում կետ ներառել, որ եթե քաղաքացին անհարգելի պատճառով այդ ժամից ուշացավ կամ ընդհանրապես չեկավ, միառժամանակ չի կարող նորից դիմել ընդունելության համար»։ 

 Պետրոսյանն ավելացրեց, որ շենքի մուտքը հսկող ոստիկանից սկսած՝ բոլորը պարտավոր են պատրաստ ու պատրաստակամ ընդունել և ճանապարհել ցանկացած քաղաքացու։ Նշեց, որ միշտ հարցնում է իր մոտ եկած քաղաքացիների տպավորությունը, թե նրան ինչպես ընդունեցին մուտքի մոտ։

   Կոմիտեի ղեկավարն անցած շաբաթ անձամբ հետևեց գնահատողների որակավորման քննությանը, և այսօր իր դիտողությունները փոխանցեց այդ առիթով՝ «ամբողջ գործընթացը պետք է մանրակրկիտ մշակել, իսկ հանձնաժողովի անդամները, որոնք ոլորտի լավագույն մասնագետներն են, չպետք է զբաղվեն մասնակիցների փաստաթղթերը ստուգելով կամ այլ տեխնիկական հարցերով»։  

 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն աշնանը կավարտի երկրատեղեկատվական համակարգի (GIS)  ստեղծման պիլոտային ծրագիրը Վաղարշապատում։ Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց արդեն իսկ Վաղարշապատի քաղաքային իշխանություններին տեղեկացնել, թե ի'նչ սարքավորումներ և տեխնիկական այլ ի'նչ աջակցություն է անհրաժեշտ, և տեղեկատվությունը փոխանցելու ի'նչ ձևաչափ, որպեսզի Վաղարշապատն այդ տեղեկատվությունից անմիջապես օգտվելու հնարավորություն ունենա.

 «Եթե պետք է՝ համապատասխան մասնագետ էլ կվերապատրաստենք։ Միայն թե այնպես չլինի, որ աշնանը տեղեկատվությունը հաձնենք, բայց իրենք դրանից կարողանան օգտվել միայն փետրվարին կամ ավելի ուշ»։

 Ղեկավարի ևս մեկ հիշեցում՝ եթե որևէ աշխատակից Կառավարությունում կամ որևէ գերատեսչությունում քննարկման կամ մեկ այլ միջոցառման է մասնակցում որպես Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ, միջոցառման նախորդ օրն այդ մասին պետք է տեղեկացնի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին։

 

 Կադաստրի կոմիտեն Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն կկազմակերպի առաջիկայում՝ քննարկելու և պայմանավորվելու ընդհանուր իրավասության լուծման ենթակա խնդիրների շուրջ։ Գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանն այս շաբաթվա ընթացքում  խնդիրների մեկ այլ ցանկ ևս կխմբավորի. գույքի գրանցման կասեցումների «բոլոր վիճելի» կամ, իր կարծիքով՝ «անհիմն» դեպքերը։ Իսկ ուրբաթ օրն այս նպատակով հրավիրված խորհրդակցությանը կքննարկվի, թե որն է իրավական ճիշտ մոտեցումը, ու կհստակեցվի, թե որ դեպքում պետք է իրոք կասեցնել գույքի գրանցումը, իսկ որ դեպքում՝ բավարարել դիմումը։