Դեպի վեր
Նորություններ

26.07.2019

Կադաստրում ամեն ինչ «գիտությամբ կարվի». ստեղծվեց և առաջին նիստը գումարեց Գիտատեխնիկական խորհուրդը


 Կադաստրի կոմիտեի, մասնավորապես՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև կադաստրին առնչվող ոլորտների համալսարանական ու գիտական կազմակերպությունների մի շարք համբավավոր գիտնականներ միավորվեցին Գիտատեխնիկական խորհրդի կազմում, որը հուլիսի 25-ին իր առաջին նիստը գումարեց։ Խորհուրդ այստեղ նախկինում գործել է միայն 2004-2011 թվականներին։ Կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ընդամենը մի քանի օր անց էր, երբ ՊՈԱԿ իր առաջին իսկ այցին Սարհատ Պետրոսյանը հայտարարեց, որ այն «Կադաստրի գիտական ուղեղը պետք է լինի»։ Վարազդատ Հովհաննիսյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեոդեզիայի ամբիոնի դասախոս, նույն կարծիքին է՝ «Մտքի զարգացման տեղը սա է»։

 


 Խորհրդի նախագահն ի պաշտոնե Սարհատ Պետրոսյանն է, տեղակալը՝ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ստեփանյանը, գիտական քարտուղարը ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հովսեփ Պետրոսյանն է։ Խորհրդին «դրսից» անդամակցում են աշխարհագրական գիտությունների, երկրաբանության, գեոդեզիայի, հողաշինարարության պրոֆեսորներ, ամբիոնների ու լաբորատորիաների վարիչներ։

 

 Առաջին իսկ նիստում Խորհրդի անդամների մի մասն արտահայտվեց հողաշինարարության ոլորտը երկրում գիտական հիմքերի վրա դնելու, դրանով խնդիրներն ավելի ճիշտ լուծելու օգտին։ Տարակուսանքը փոխանցելով, որ սակավահող Հայաստանում հողաշինարարությունն այսքան անմխիթար վիճակում է, ՀԱԱՀ-ի հողաշինարարության և հողային կադաստր ամբիոնի դասախոս Պարույր Էֆենդյանն օրինակներ բերեց.

 «Վարելահողի վրա ջերմոց են դնում, իսկ խաղողի այգու վրա գինու կոմբինատ են կառուցում, երբ 500 մետրի վրա քարքարոտ հող կա»։

 Սարհատ Պետրոսյանը ևս շեշտեց, որ թիվ մեկ առաջնահերթությունն այժմ գյուղական հողերի պաշտպանության խնդիրների լուծումն է, և դա էլ շատ լուրջ համակարգված, հատկապես գիտական մոտեցմամբ պետք է անել.

 «Ճիշտ է, ամեն կոնկրետ դեպքով վերջին ամիսներին փորձում ենք գոնե որոշ սխալներ կանխել, և Կադաստրի կոմիտեն այդ իմաստով «բոբո» է դարձել, որովհետև բացասական կարծիք է տալիս որոշ հողերի կատեգորիան փոխելու համար»։

 Երեկ ստեղծված Խորհրդի գործառույթներից կլինի նաև պետական լուրջ ծրագրերի փորձաքննությունը, Սարհատ Պետրոսյանի ցանկությունն է, որ.

 «Պետական քաղաքականության մաս դարձնենք գիտական գործընթացները և գիտական հենքի վրա պետական քաղաքականություն մշակենք»։ 

 


 Արամ Ստեփանյանի դիտարկումն է, որ Խորհուրդը հաստատվի նաև որպես գիտատեխնիկական, գիտաարտադրական միավոր, նորարարության փորձը քննարկվի այստեղ.

 «Վերջին 8 ամսում 6 կարևոր ծրագիր ենք իրականացրել, և շատ շահեկան կլիներ ստանալ դրանց վերաբերյալ միջազգային ու տեղական մեծ փորձ ունեցող մեր մասնագետների կարծիքները, խորհուրդները»։

 Հովսեփ Պետրոսյանը խոսեց քարտեզագրության ոլորտում «գիտական անելիքի» անհրաժեշտության մասին.

 «Հայաստանի վարչական քարտեզ հրատարկելու իրավունք միայն լիազոր մարմինը պետք է ունենա, տեղանքների անուններն են սխալ գրում, սահմաններն են սխալ նշում, այդպես հրատարակում ու տարածում են»։

 Քարտեզների հետ ճիշտ աշխատանքը նաև արտակարգ իրավիճակների մարմինների համար է օրախնդիր, նշվեց, որ պետք է վերականգնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ 

 Ինչ վերաբերում է գիտակրթական ծրագրերով համագործակցությանը, Խորհուրդը հավակնում է ոչ միայն ոլորտում պաշտպանվող գիտական թեզերի գրախոսությանը, ամեն տարի համապտասխան բուհերի մասնագիտական պատվերի ձևավորմանը, այլև գիտելիքների բովանդակության ու որակի պահանջների ձևավորմանը.

 «Տրամաբանությունը պետք է փոխել. գործատուն եղել է Կադաստրը, ուսումնական գործընթացն ու դիպլոմները «կարել են» գործատուի ճաշակով։ Բայց այսօր որակյալ կադրերի կարիք կա՝ անկախ նրանից, թե դիպլոմի մեջ ինչ է գրված»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։

 

 Խորհուրդը նաև գիտաժողովներ կկազմակերպի, բայց ոչ՝ ուսանողական որոշ շրջանակների այն մոտեցմամբ, որ կարելի է «թխած» աշխատանքներով «պտիչկա ստանալ»։ Եթե մի օր հնարավորություն լինի, բարձր վարկանիշի համապատասխանող գիտական ամսագիր էլ կհրատարակվի։

 Կանոնադրության նախագծի հաստատումը Խորհուրդը թողեց հաջորդ նիստին, քանի որ փոփոխությունների առաջարկները շատ էին։ Դրանք երկու շաբաթում էլեկտրոնային փոստով պետք է ուղարկվեն գիտքարտուղարին։ Հաջորդ նիստում Կոմիտեի ներկայացուցիչները կպատմեն համակարգում ձեռնարկված բարեփումների մասին, ապա կուրվագծվի Խորհրդի առաջիկա տարիների անելիքի ճանապարհային քարտեզը։ Նիստերը կհրավիրվեն ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ։

 Ամփոփելով առաջին հավաքը, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ վերջին ամիսներին գրեթե հաջողվել է ցրել հանրության կարծր համոզումը, թե Կադաստրն անշարժ գույք գրանցող մարմին է, և վերջ.

 «Տարածական ցանկացած տվյալի կառավարումը կադաստրային գործընթաց է. Կադաստրը տարածական տվյալներն ամբարող, մշակող, համակարգող մարմին է»։

 Մասնակից գիտնականներից շատերը Խորհրդի աշխատանքից իրենց «մեծ սպասելիքների» մասին խոսեցին՝ նաև նշելով, որ այս կազմով արդեն շփումներն իսկ նաև գիտական տեղեկատվության փոխանակում են նշանակում, ինչը շատ կարևոր է առաջընթացի համար։