Դեպի վեր
Նորություններ

29.07.2019

Ինտեգրված կադաստրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է, տեղակալը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Պետրոսյանը


 Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի որոշումով ստեղծվեց Ինտեգրված կադաստրի ձևավորման միջգերատեսչական հանձնաժողովը, հաստատվեցին նրա կազմը և աշխատակարգը։

 Տարբեր գերատեսչությունների և պետական, տեղական ինքնակառվարման մարմինների ղեկավարների կամ ղեկավարների տեղակալների այս հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա յուրաքանչյուր կիսամյակ Վարչապետին ամփոփ տեղեկատվություն կներկայացնի միջոցառումների իրականացման վերաբերյալ: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հանձնաժողովի նախագահի տեղակալն է։ Կադաստրի կոմիտեից հանձնաժողովում է նաև ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը (հանձնաժողովի քարտուղար)։

 ՀՀ կառավարությունն Ինտեգրված կադաստրի հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատել է այս տարվա մայիսի 23-ին, իսկ 2023 թվականին համակարգը պետք է ամբողջովին գործարկված լինի։

 Ինտեգրված կադաստր՝ նշանակում է, որ համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները։

 Անցած շաբաթ Վարչապետի այլ որոշումներով ստեղծվեցին ևս երկու միջգերատեսչական միավորներ՝ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և աղետի գոտու տնակերի վերացման տվյալներն ամփոփող միջգերատեսչական աշխատանքային խմբեր։