Դեպի վեր
Նորություններ

30.07.2019

Հասցեների ռեգիստրի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խումբը գլխավորում է Սարհատ Պետրոսյանը


 Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց  Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի գլխավորությամբ։ Խմբի կազմում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ոստիկանության պետի, Երևանի քաղաքապետի (համաձայնությամբ) տեղակալները և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենը (համաձայնությամբ)։ Այս խմբում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալներից Լևոն Մելիքյանն է։

 

 

 ՀՀ կառավարությունը Հասցեների միասնական ռեգիստրի հայեցակարգն ու ծրագիրը հաստատել է այս տարվա մայիսին։ Սրանով Հանրապետությունում վերջապես միասնական չափորոշիչների և համաժամանակյա վարման կբերվեն հասցեները։ Պարտավորությունն ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում՝ որպես գործադիրի հռչակած տնտեսական հեղափոխության ու թվայնացման օրակարգի  հիմնարար գործիքներից մեկը։ 2020 թվականին երկու համայնքների համար պիլոտային ռեեստրի ստեղծումից հետո կսկսվի ողջ Հանրապետության հասցեների միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքը։ 2021 թվականից համակարգը կսկսի գործել ամբողջությամբ։

 Անցած շաբաթ Վարչապետի այլ որոշումներով ձևավորվեցին Կադաստրի կոմիտեին առնչվող ևս երկու միջգերատերատեսչական միավորումներ. աղետի գոտու տնակերի վերացման տվյալներն ամփոփելիք միջգերատեսչական աշխատանքային խումբը և Ինտեգրված կադաստրի  ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովը։