Դեպի վեր
Նորություններ

01.08.2019

Կոմիտեում լսեցին որակավորված մասնագետների կարծիքը, վերջիններս՝ Կոմիտեինը


 Կադաստրի կոմիտեի ղեկավարության հրապարակային հրավերին շատերն էին արձագանքել, և ահա, հուլիսի 30-ին գերատեսչության մեծ դահլիճում էին հավաքվել Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման հաշվառման և հողաշինարարության գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող մի քանի տասնյակ որակավորված անձիք։ Բացելով հանդիպումը, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ այս հավաքի հիմնական նպատակը որակավորված մասնագետներին լսելն է՝ նրանց խնդիրներին, ոլորտին առնչվող հարցերին ծանոթանալը, որպեսզի հնարավորինս հեշտացվի նրանց մասնագիտական գործունեությունը:

 


 Առաջարկությունների փաթեթ ներկայացվեց նաև Կադաստրի կոմիտեի կողմից.

 Մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով վերաորակավորել ոլորտում արդեն իսկ որակավորում ունեցողներին։ Այս պահին որակավորման վկայական ունի 340 ֆիզիկական անձ, որից մոտ 120-150-նն է իր գործի մասնագետ: Կոմիտեի ղեկավարի հարցումից պարզ դարձավ, որ ներկա 42 չափագրողներից միայն 10-ն ունի գեոդեզիստի մասնագիտություն, իսկ դա լուրջ խնդիր է: Քննարկվեց նաև երկաստիճան որակավորման հարցը:

 Կոմիտեի ղեկավարն ապագայի համար առաջարկեց հողի չափման համար օգտագործոլ միայն ռովերներ, որոնք փոխկապակցված են ռեֆերենց կայաններին GPS-ի միջոցով։ Ներկա 42 մասնագետներից միայն 8-ն ասաց, որ ունի ռովերով աշխատելու հնարավորություն: Կոմիտեի ղեկավարը նրանց կարծիքը հարցրեց այս առաջարկի շուրջ: Ոմանք ընդունելի համարեցին գաղափարը, ոմանք՝ ոչ. ասացին, թե այդ գործիքը բավական թանկ արժե (3-10 մլն դրամ):

 

 

 Կադաստրի կոմիտեի առաջարկն է՝ բանկային կամ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած մասնագիտական կազմակերպությունների հետ ֆինանսական վարձակալության միջոցով (լիզինգ) պայմանագրեր կնքել՝ որակավորված մասնագետներին ռովերներով հնարավորինս ապահովելու համար:

 Հավաքին ներկա մասնագետների ներկայացրած խնդիրների մեջ գրեթե համընդհանուր էր քարտեզներում առկա սխալների հարցը։ Պետրոսյանը հիշեցրեց, որ դրանք ուղղելու համար շատ ինտենսիվ, համակարգված աշխատանք է տարվում:

 

 

 Հյուրերն առաջարկեցին ստեղծել նաև վիրտուալ մի հարթակ, որտեղ չափագրողները կարող են ներկայացնել իրենց խնդիրները: