Դեպի վեր
Նորություններ

05.08.2019

Բենզինը կբաշխվի ըստ վարած կմ-երի, նոր կանոնադրության նախագիծը՝ պատրաստ (աշխատանքային խորհրդակցություն)


 Օգոստոսի 5-ից Կադաստրի կոմիտեում որևէ վարչության պետ սպասարկող մեքենա չի ունենա. բացառություն է արված հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանի համար, քանի որ վերջինս իր վարչության հետ դեռևս աշխատում է Կադաստրի՝ Կոմիտաս փողոցի մասնաշենքում։ Մյուս բացառությունն արված է գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանի համար։ Ամեն դեպքում, երբ Վանաձորում կառուցվի և բացվի արխիվային նոր ստորաբաժանումը, այդ մեքենաներն ուղղվելու են Վանաձոր, և բացառություններն այլևս չեն լինի։

 Խորհրդակցության մասնակիցներին Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ  բենզինը Կադաստրի վարորդներին այսօրվանից կբաշխվի ըստ վարած կմ-երի, քանի որ նախորդ մի քանի ամիսներին մշտադիտարկվել են չափաքանակները.

 

 «Որևէ մեկը բենզինով աշխատավարձի հավելավճար այլևս չի' ստանալու»,- զգուշացրեց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մյուս կողմից, որևէ մեկը չ'պետք է աշխատանքային կարիքների համար իր հաշվին կամ իր անձնական մեքենայով ճամփորդի, - այդ նպատակով հատկացվող հերթապահ մեքենայի գրաֆիկը կկազմակերպի գլխավոր քարտուղարը։

 Սարհատ Պետրոսյանը նշեց, որ իր ղեկավարման փորձի ընթացքում առաջին բացթողումն է համարում, որ մինչ օրս աշխատակիցներին անվերապահորեն միանգամից տրվել է ամբողջ տարվա արձակուրդը. հետայսու արձակուրդ վերցնողներին հորդորեց ամբողջ տարվա հասանելիք ամբողջը միանգամից չվերցնել, քանի որ կոմիտեի հավակնոտ ծրագրերի իրականցման ընթացքում կարող են լինել խնդիրներ։ Նաև հետաքրքիր դիտարկումներ ունի, ասաց՝ «արձակուրդային դասերից».

 «Եթե վարչությունը կամ բաժինն առանց ղեկավարի լավ է աշխատում, ուրեմն ղեկավարը լավն է։ Բացի այդ, արձակուրդում գտնվող ղեկավարին փոխարինելիս բացահայտվում են աշխատողի իրական հնարավորությունները, այնպես որ, բաց մի' թողեք ձեզ լավագույնս դրսևորելու առիթը»։

 Պետրոսյանը զգուշացրեց, որ Կադաստրի որևէ ստորաբաժանման ղեկավար չի կարող «դրսի» որևէ հանձնաժողովի անդամ լինել՝ առանց գլխավոր քարտուղարի համաձայնության (թյուրիմացության թարմ նախադեպը կա. մարզային մի հանձնաժողովում Կադաստրի ներկայացուցիչը կողմ է քվեարկել որոշմանն այն դեպքում, երբ այստեղ մասնագիտական կարծիքը ճիշտ հակառակն է)։

 

 

 Ի դեպ, պարզվում է, որ վերջին շրջանում Կադաստրի այցելուներին հանձնված ավարտական փաստաթղթերում վրիպակների նվազման միտում է նկատվել.

 «Բացի այն, որ նվազման և զրոյացման միտումը պետք է շարունակվի, կարևոր է նաև բացահայտել կրկնվող վրիպակների հեղինակներին, և որ նույնքան կարևոր է՝ պատճառները։ Գուցե ասում են՝ ծանրաբեռնվածությունն է պատճառը, պետք է հասկանալ՝ իրո՞ք այդպես է։ Եթե այո՝ լուծումներ պետք է գտնել»։

 Կադաստրի կոմիտեի նոր կանոնադրության նախագիծն այսօր կուղարկվի ֆինանսների  նախարարության «գնահատմանը», ապա նաև՝ արդարադատության։ Իսկ նախատեսված կառուցվածքային արմատական փոփոխությունների մասին կծանուցենք ՀՀ կառավարությունում նախագծի հաստատումից հետո։