Դեպի վեր
Նորություններ

06.08.2019

Սկսեց աշխատել մասնագիտական հանձնաժողովը. Էջմիածինը՝ միայն Վաղարշապատ, Գավառ քաղաքն՝ առանց Կամոյի, Բաղրամյան 26-ը՝ Հանրապետության տուն


 Ավելի քան 5 տարվա ընդմիջումից հետո Կադաստրի կոմիտեում օգոստոսի 5-ին տեղի ունեցավ ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը։ Կադաստրի կոմիտեն և անձամբ Սարհատ Պետրոսյանը, որն ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է, գերատեսչության գործունեության առաջնահերթությունների շարքին է դասում այս գործընթացը։ Հանձնաժողովի քարտուղարը Գեոդեզիա և քարտեզագրություն վարչության գլխավոր մասնագետ Արաքսյա Տոնոյանն է։ 

 


 Ընդգրկված են հայտնի գիտնականներ «տեղանուններին» սերտորեն առնչվող ոլորտներից, մասնագետներ Կոմիտեից և նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից։ Մի խոսքով, տեղանունների ընտրությանը և փոփոխությանը՝ խորը մասնագիտական, նուրբ քաղաքագիտական և արդիական ընկալումներով վերաբերմունք։

 Առաջին նիստի օրակարգում առաջինը Երևանի Բաղրամյան 26 շենքը Հանրապետության տուն կոչելու հարցն էր, որի առիթով հանձնաժողովին դիմել է Երևանի քաղաքապետարանը, իսկ վերջինիս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Մասնագիտական հաձնաժողովն այս հարցում առարկություններ չունի։ Իսկ վերջին խոսքը, այս դեպքում, քաղաքապետարանինն է, բնակավայրերի դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովինը, իսկ ֆիզաշխարհագրական տեղանունների դեպքում՝ ՀՀ կառավարությանը (համապատասխան հաստատումներից հետո մեկ առ մեկ կներկայացնենք արդեն դե յուրե անվանակոչումները կամ անվանափոխումները)։

 Հանձնաժողովականները «դրական վիզա» տվեցին նաև Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի անվանումից «Էջմիածին» բառը հանելու վերաբերյալ առաջարկությանը։ Հարցը պայմանավորված է Էջմիածին մայր տաճարի անունը եզակի պահելու ցանկությամբ (Կադաստրի կոմիտեն հարցադրումը համաձայնեցրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգևոր և վարչական կենտրոնի հետ):

 Հանձնաժողովը չի առարկում, որպեսզի Գեղարքունիքի մարզի Գավառ (Կամո) համայնքի Գավառ (Կամո) քաղաք-բնակավայրի անվանումից հանվի «Կամո» բառը, քաղաքը պաշտոնապես կոչվի պարզապես Գավառ, սակայն նպատակահարմար չի համարում առաջարկված Նոր Բայազետ տարբերակը։

 Անվանակոչման կամ անվանափոխման առաջարկներն, ըստ օրենքի, ներկայացնում է ցանկացած անձ։ Այդ իսկ կարգով քննարկվեցին Մեղրաձոր համայնքի Ուլաշիկ տեղամասի մոտակայքում գտնվող երկու լեռները Ակնալեռ և Բացառիկ անվանակոչելու, Արագածոտնի մարզի Ուջան համայնքը՝ Վժան, Արագածոտնի մարզի Արտաշատավան համայնքը և բնակավայրը՝ Արտաշավան, Արարատի մարզի Խաչփառ համայնքը և բնակավայրը Խաչափար անվանափոխելու հարցերը։ Ոչ բոլոր դեպքերում հանձնաժողովի մասնագետներն ընդհանուր հայտարարի եկան, և կոնկրետ հարցերի քննարկմանը զուգահեռ ի հայտ եկավ նրանց միակ սկզբունքային տարաձայնությունը՝ անուն ընտրելիս կամ փոխելիս առաջնայինը տեղի բնակչությա՞ն, թե՞ նրա ընտրած տեղական մարմնի դիրքորոշումն է.

 - Եթե տեղի ժողովրդին լսենք՝ ահավոր բան կստացվի…
 - Բայց չենք էլ կարող հաշվի չառնել նրանց կարծիքը…
 - Ախր, ինչպե՞ս հաշվի առնես, մի անգամ մեզ գրել էին՝ խնդրում ենք չփոխել մեր համայնքի անունը, որը կրում է մեր սիրելի գրող Ա. Մայակովսկու անունը, հասկանու՞մ եք՝ Ա. Մայակովսկու… 
 - Կապ չունի'։ Մարդիկ շատ զգայուն են, երբ խոսքն իրենց փողոցի կամ գյուղի անունների մասին է… Չե'նք կարող հաշվի չառնել։ 
 - Ես տեղական հանրաքվեներին եմ կողմ…
 - Գուցե դիմենք, համայնքի ներսում քննարկեն վիճելի հարցերը, մեր հանձնաժողովից էլ ներկայացուցիչներ լինեն քննարկմանը։

 

 Կարծիքների նման բաժանումն ավելի հաստատեց միտքը, որ հանձնաժողովի առաջիկա նիստում օրակարգային կդառնա այս սկզբունքային հարցի շուրջ նաև օրենսդրական հակասությունների շուրջ առաջարկների մշակումը։ Քանի որ սա առաջին նիստն էր, օրակարգը փոքր-ինչ թեթևացվել էր, և հաջորդ նիստի օրակարգում արդեն կներառվի «Գեոդեոզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի քարտեզագրության բաժնի պետ Յուրի Վարյանի երկարատև աշխատանքի արդյունքը՝ Տավուշի մարզի աշխարհագրական անվանումների վերաբերյալ։