Դեպի վեր
Նորություններ

06.08.2019

Միջգերատեսչական աշխատանքային խումբը տարածքները գնահատեց տեղում. այց Գյումրի


 Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական նորաստեղծ աշխատանքային խմբի երկրորդ հավաքն արդեն Գյումրիում էր։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որը նաև աշխատանքային խմբի ղեկավարն է, մյուս անդամների հետ օգոստոսի 6-ին Գյումրիի քաղաքապետարան այցից հետո շրջայց կատարեց քննարկման առարկա ոչ հիմնական շինություններով զբաղեցված բնակավայրերով, հատկապես որտեղ դրանք առավել խիտ են՝ հաշվի առնելով քաղաքաշինական վերակառուցման տեսանկյունից առաջնահերթ դիտարկման տարածքները։ Ապա հավաքը տեղափոխվեց «Շիրակ կենտրոն» հ/կ, որի նախագահ Վահան Թումասյանը ևս աշխատանքային խմբի անդամ է։ Այստեղ քննարկվեցին Կադաստրի կոմիտեի նախապես մշակած չափորոշիչները և դրանց կշիռները՝ տարածքների գնահատման նպատակով։

 


 ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն աղետի գոտու տնակների վերաբերյալ հավաքագրված տվյալներն ամփոփելու մեթոդաբանություն է մշակելու, ըստ այդմ ամփոփելու է դրանք, և մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմ։

 

 

 Կադաստրի կոմիտեից խմբում ընդգրկված են նաև ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը և փորձագետ Աստղիկ Գրիգորյանը։ Ներկայացուցիչներ կան նաև Քաղաքաշինության կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունից, «Շիրակ» կենտրոնից և «Ուրբան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից (վերջին երկուսը՝ ցանկությամբ)։