Դեպի վեր
Նորություններ

19.08.2019

Սարհատ Պետրոսյան՝ բոլորս չէ, որ կարողացել ենք դուրս գալ հիմնարկի նախկին իներցիայից. աշխատանքային խորհրդակցություն


. Յուրաքանչյուր երկուշաբթի խորհրդակցություն կգումարվի Ինտեգրված կադաստրի ստեղծման հարցերով։

. Իրավաբանական վարչությունը պետք է դառնա համակարգի բարեփոխումների շարժիչ ուժը։

. Թեժ գծով սպասարկումը բարելավելու նոր մեթոդ է ներդրվում։

. «Ցավալի է, որ վարչությունների մեծ մասը գիտական ոլորտում զարգացման առաջարկություններ չունի»։

. «Բյուջեի նախագծին պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել»։

 


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը վստահ է, որ Կոմիտեի իրավաբանական վարչությունը վերջապես անմասն չի մնա համակարգում ձեռնարկված բարեփոխումներից։ Ավելին.

 «Ոլորտը համակարգող տեղակալ Արամ Կարախանյանի հետ մեր ցանկությունն է, որ  այս վարչությունը դառնա Կադաստրի բարեփոխումների շարժիչ ուժը։ Պետք է վերանայենք վերջին տարիների մոտեցումները»։

 Վարչության նորանշանակ պետ Արմեն Արսենյանին այսօրվա խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելիս Պետրոսյանն իր վստահությունը փոխանցեց, որ ստորաբաժանումն այդպիսին կդառնա, և աշխատանքը՝ բավական արդյունավետ։

 Կադաստրի կոմիտեի Թեժ գծով սպասարկման որակը բարելավելու նպատակով Սարհատ Պետրոսյանը հրահանգել է զանգերի ուղղորդման նոր եղանակ ներդնել ցանցում. Թեժ գծի հեռախոսամարով (060-474205) ստացված բոլոր զանգերը ստանում է սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչությունը։ Իսկ եթե վարչության աշխատակիցները կարծում են, որ նաև մասնագետի հետ լրացուցիչ զրույցի կարիք կա, զանգը վերահասցեավորում են համապատասխան մասնագիտական վարչություն։

 Նույն համատեքստում Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վերահսկողության վարչությանը, քանի որ՝ անսալով վերջերս իր արած կոչին, վարչության աշխատակիցները գործընկերային համերաշխության սկզբունքով իրենց վրա են վերցրել ամառային արձակուրդների այս շրջանում գրանցման վարչության բացակայող աշխատակիցներին վերաբերող հեռախոսազանգերին Թեժ գծով պատասխանելու գործը։ Մինչդեռ Թեժ գծով զանգերի առյուծի բաժինը վերաբերում է անշարժ գույքի գրանցման ոլորտին։

 «Գործընկերային նման համագործակցությունը պետք է օրինակելի լինի բոլոր վարչությունների համար»,- գոհունակությունը փոխանցեց Պետրոսյանը՝ հաջորդ խնդրով արդեն ոչ թե գոհ, այլ մտահոգ։

 «Ցավալի է, որ մեր վարչությունները Կադաստրի կոմիտեի զարգացման վերաբերյալ առաջարկություն չունեն, հատկապես՝ գիտական ոլորտում։ Համենայնդեպս, միայն հաշվառման և հողաշինարարության վարչությունն է արձագանքել կոչին և առաջարկություն ներկայացրել։ Մնացածի վեջը չի։ Տխուր է, սա ինձ հուշում է, որ բոլորս չէ, որ կարողացել ենք դուրս գալ այս հիմնարկի նախկին իներցիայից»։

 

 Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի ձևավորմանը, Սարհատ Պետրոսյանը Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանին և ընդհանրապես բոլոր վարչությունների պետերին հորդորեց շատ ավելի լուրջ վերաբերվել այդ գործընթացին, իսկ տվյալները հստակեցնել ոչ թե նախագիծը հանձնելուն նախորդող մի քանի օրերին, այլ ամեն տարվա մայիս ամսին։ Այս պահի համար բոլոր վարչություններին հանձնարարական տրվեց՝ մեկ անգամ ևս նայել բյուջեով նախատեսված իրենց անելիքները, դրանք անպայման համաձայնեցնել Կոմիտեի ղեկավարի՝ ոլորտը համակարգող տեղակալի հետ։

 Այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10։30-ին կգումարվի Ինտեգրված կադաստրի ստեղծման հարցերով իրավասու աշխատակիցների խորհրդակցություն։