Դեպի վեր
Նորություններ

21.08.2019

Հասցեների միասնական վարման և միասնականացման գործընթացն սկսված է. միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը


 Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որն այսօր իր առաջին նիստը գումարեց՝ միասնական, ստանդարտ տեսքի է բերելու Հայաստանի Հանրապետության հին ու նոր հասցեները և ստեղծելու է հասցեավորման համակարգն աշխատեցնելու միասնական հարթակ, որում արվող ցանկացած փոփոխություն ամրագրվելու և երևալու է համապատասխան մյուս բոլոր ենթահարթակներում։ Կադաստրի կոմիտեի և աշխատանքային խմբի ղեկավար Սարհատ Պետրոսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ սրանով երկրի համայնքներից չի վերցվում հասցեավորման լիազորությունը.

 «Հակառակը, մենք ուզում ենք օգնել համայնքներին և ուզում ենք նաև իրականացնել մեր այն ազնիվ ցանկությունը, որ երբ գրանցում կատարելու համար քաղաքացին գալիս է մեզ մոտ, նրան չուղարկենք համայնք՝ հասցե բերելու, կամ հակառակը…»։

 


 Աշխատանքային խմբում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները, որոնք խմբի մյուս անդամներին առաջին իսկ նիստում դիմավորեցին յուրաքանչյուրն իր մասով արդեն իսկ բավական մշակված ծրագրերով՝ հավաստիացրին, որ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծումով այցելուն և նրան սպասարկող հիմնարկը խնայում են թե' նյութական, թե' ժամանակային ռեսուրսներ՝ չհաշված գիտականության հասնող ճշգրտության բերած բազում հարմարությունները։

 ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են պաշտոնյաներ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության նախարարություններից, ոստիկանությունից, Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից։ Կոմիտեն իր նախաձեռնությամբ այսօրվա նիստին հրավիրել էր նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաև «Հայփոստի» ներկայացուցիչների։

 Պետրոսյանը ներկայացրեց հասցեների միասնական ռեգիստրի տեղն Ինտեգրված կադաստրի ամբողջ համակարգում՝ հիշեցնելով, որ սա իր հերթին 4 մակարդակ ունի՝ ֆիզիկական անձանց ռեգիստր, իրավաբանական անձանց ռեգիստր, անշարժ գույքի ռեգիստր և հասցեների ռեգիստր.

 «Այս «ֆունդամենտի» վրա է կառուցվում վարչական ռեգիստրի ամբողջ համակարգի տրամաբանությունը»։

 

 Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը ներկայացրեց հասցեները պարզեցնելու, նույն ստանդարտին բերելու թվային տրամաբանությունը՝ կոչ անելով չվախենալ, որ դրա արդյունքում հին հասցների անգամ երեք-քառորդը կարող է փոխվել.

 «Օրինակ, դրանք կարող են քաղաքացիների անձնագրերում չփոխվել, բայց համապատասխան հարթակներում, որտեղ փոխվում են՝ հղումներով կապ ունենալ անձնագրային հասցեների բազայի հետ»։ 

 
 Ամեն դեպքում, դեռ քննարկելի է՝ ինչ անել հին հասցեների հետ, որոնք ստանդարտացման տրամաբանությունից դուրս կմնան։ Դեռևս որոշելիք խնդիրներից է, թե ինչպես են միասնական ռեեստրում մշակվելու և պահպանվելու, սինխրոնացվելու հասցեները, դրանց հետ գործ ունենալիք աշխատակիցների վերապատրաստումը, համապատասխան իրավական ակտերի մշակումը։

 Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը ներկայացրեց հասցեի եզակիացման, աշխարհագրական տեղեկատվության մոդելը, որը նույնպես մշակվել է Կոմիտեում՝ հաշվի առնելով նաև հասցեների տարածական տեղեկատվության եվրոպական չափորոշիչները։ Փիլոյանը ներկայացրեց նաև պատրաստի նախնական մոդելը, թե հասցե «տրամադրող» աշխատակիցը տվյալ «մենյուի» կոնկրետ ո'ր դաշտում ի'նչ պետք է լրացնի։

 Աշխատանքային խմբի անդամների հետ հետագայում առավել կմշակվեն և կկատարելագործվեն այս նախնական մոդելները։ Խմբի առաջիկա առաջադրանքներից է՝ հասկանալ, թե ինչ տվյալներ ունեն Երևանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը, ընտրել պիլոտային երկու բնակավայրերը։ 2020 թվականին երկու համայնքների համար պիլոտային ռեեստրի ստեղծումից հետո կսկսվի ողջ Հանրապետության հասցեների միասնական ռեեստրի ստեղծման բուն աշխատանքը։ 2021 թվականից համակարգը կսկսի գործել ամբողջությամբ։

 

 

 Հաջորդ նիստը տեղի կունենա մեկ կամ մեկ և կես ամսից, և Սարհատ Պետրոսյանը խոստացավ, որ մինչ այդ Կոմիտեն կհասցնի մշակել ու շրջանառել համապատասխան իրավական ակտերի նախագծերը։

 ՀՀ կառավարությունը Հասցեների միասնական ռեգիստրի հայեցակարգն ու ծրագիրը հաստատել է այս տարվա մայիսին։ Պարտավորությունն ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում՝ որպես գործադիրի հռչակած տնտեսական հեղափոխության ու թվայնացման օրակարգի հիմնարար գործիքներից մեկը։