Դեպի վեր
Նորություններ

26.08.2019

Կադաստրի կոմիտեի Թեժ գիծը շուտով առանձին քառանիշ համար կունենա. աշխատանքային խորհրդակցություն


 Յուրաքանչյուր երկուշաբթի օրվա աշխատանքային խորհրդակցության անխախտ ավանդույթին զուգահեռ, շաբաթվա առաջին օրը Կադաստրի կոմիտեում ևս մեկ  խորհրդակցություն կլինի, բայց ժամանակավոր՝ մինչև նպատակային խնդիրների ամբողջական լուծումը։ Նախորդ շաբաթվանից ամեն երկուշաբթի խորհրդակցության են հավաքվում Ինտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովի այն անդամները, որոնք Կադաստրի կոմիտեից են, իսկ այս շաբաթվանից նրանց կմիանան նաև հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները Կոմիտեից։

 

 

 Նախորդ երկուշաբթիի մեկ այլ հանձնարարական ի կատար ածվեց հենց հաջորդ՝ երեքշաբթի օրը, և Կադաստրի կոմիտե ուղղված բոլոր զանգերը, եթե զանգահարողը չգիտի ներքին համարը, «գրասենյակների սպասարկման» բաժինն է ստանում։ Բաժնի աշխատակիցներն են պատասխանում զանգահարողների հարցերին և առանձին վարչություններ կամ բաժիններ զանգը նրանք վերահասցեավորում են միայն այն դեպքում, երբ խորը մասնագիտական պատասխանի անհրաժեշտություն կա։ Մինչ այդ զանգահարողն ինքն էր առանձին թվանշաններ սեղմելով ընտրում, թե ուր միանա։ Մինչև ներքին հեռախոսահամարների ցանկը Կոմիտեի պաշտոնական կայքէջում կտեղադրվի, Սարհատ Պետրոսյանն աշխատակիցներին խորհուրդ է տալիս մշտական զանգահարողներին տրամադրել իրենց աշխատանքային ներքին համարները։ Առաջիկայում Կոմիտեն Թեժ գծի համար առանձին քառանիշ հեռախոսահամար կունենա. ղեկավարը գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին առաջարկեց արդեն սկսել այդ համարը ձեռք բերելու գործընթացը։

 

 

 Արհմիությունը հաջորդ շաբաթ օրը Երևանում  միջոցառում է կազմակերպում։ Կոմիտեի որոշ աշխատակիցներ, որոնք առնչություն ունեն և նույն շաբաթ օրը հրավիրված են Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների  քննարկմանը, այդ  միջոցառմանը չեն մասնակցի։