Դեպի վեր
Նորություններ

00.00.0000

«Այս օրենքը ոչ թե տատիկի, այլ նրա գույքի մասին է». խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագիծը


 Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց հանրության որոշ շրջաններում սխալմամբ «գույքահարկի օրենք» անունը ստացած նախագիծը։ Քվեարկությունը կկազմակերպվի, ամենայն հավանականությամբ՝ վաղը։

 Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենք և, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում զգուշացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝

 «Այս օրենքի ընդունումը դեռևս չի նշանակում  որևէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ 

 


 Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը հարկային մուտքերի ավելացում է ենթադրում բարձրարժեք գույքերի հարկման մասով (ի դեպ, այս հարկային վճարումներն ուղղվում են ոչ թե պետական, այլ համայնքների բյուջեներ)։ Եվ այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական բարձրացում, ինչն էլ հետագայում հիմք կդառնա, որ կառավարությունն իր որոշումներով էականորեն բարձրացնի բարձրարժեք գույքի հարկը։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին,

 «Մեր համոզումն է, որ ոչ թանկ գույքի դեպքում հարկեր չեն բարձրանա»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ չնայած նաև նշելով, որ միջին խավի համար սահմանված գույքահարկը Հայաստանում չափազանց ցածր է։

 Սոցիալապես անապահով, բայց բարձրարժեք գույք ունեցող անձի համար էլ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը կարող է «մեղմող միջոցներ» ձեռնարկել։ Թանկարժեք տուն ունեցող այդ «աղքատ տանտերը» խորհրդարանի դահլիճում պատգամավորների հարցադրումներում ստացավ «աղքատ տատիկ» կամ «տատիկ» ընդհանրական անվանումը, և Սարհատ Պետրոսյանն ի վերջո հիշեցրեց.

 «Այս օրենքը ոչ թե տատիկի, այսինքն, ոչ թե սեփականատիրոջ, այլ նրա գույքի մասին է»։

 2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ անշարժ գույքի և հողի հարկատեսակները պետք է միասնականացվեն «անշարժ գույքի հարկ» մեջ, ինչն իրականացվել է այս նախագծով։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել ընթացակարգերը և նախագծում չարտացոլված, բայց մշակված մեթոդաբանությամբ (կառավարության որոշումներով) ստեղծել կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ։

 Արդյունքում, ինչպես իր ելույթում ասաց Պետրոսյանը, կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների և իրական շուկայի միջև եղած հսկայական և անընդունելի տարբերությունը, պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական և ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ և միասնական համակարգ։

 Օրենքի ընդունումից հետո կառավարության որոշմամբ կամրագրվեն բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման  12 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, կսահմանվեն չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնցով դրուքաչափերում փոփոխություններ են լինելու։

 Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։