Դեպի վեր
Նորություններ

23.09.2019

Սարհատ Պետրոսյան՝ 2021-ի երևանյան միջազգային հավաքին արդեն պետք է այդ նոր մարմինը դարձած լինենք. աշխատանքային խորհրդակցություն


 Կոմիտեի ղեկավարը «շատ արդյունավետ» գնահատեց Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի՝ օրերս Դուշանբեում տեղի ունեցած նիստը, որին Հայաստանից իր հետ մասնակցել է նաև Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։  Աշխատանքային այսօրվա խորհրդակցության մասնակիցներին Սարհատ Պետրոսյանը փոխանցեց նիստի վերաբերյալ հիմնական տեղեկություններն ու իր տպավորությունները.

 

 

 «Նախ, այդ հարթակում ևս բավական առաջանցիկ դիրքերում ենք. մյուսներից տարբերվում ենք ոչ միայն մեր «կոմպակտությամբ», այլև մեր մասնագիտական ներուժը չի զիջում մյուսների ներուժին, որոշ դրվագներում նույնիսկ իրենք են ցանկանում սովորել մեզանից»։

 Նիստի արձանագրությամբ սահմանված պարտավորությունները ժամանակին և լավագույնս կատարելու կամքը փոխանցելուց հետո Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն այժմ հերթագայության կարգով Տաջիկստանի հետ ստանձնել է կառույցի համանախագահությունը, և որ Խորհրդի 2021-ի նիստը որոշվել է անցկացնել Հայաստանում.

 «Շատ ակտիվ պետք է պատրաստվենք 2021-ին հյուրընկալելու այդ հավաքը։ Այդ  ժամանակ արդեն մենք պետք է դարձած լինենք այն նոր մարմինը, որպիսին պատկերացնում ենք մեր բարեփոխումների ավարտին»։  

 


 Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը և գնումների կազմակերպման բաժնի պետ Հրաչյա Մանուկյանն այս շաբաթվա ընթացքում ի մի կբերեն Կադաստրի համակարգում ընթացող շինարարակական բոլոր գործընթացների շուրջ տեղեկությունները։

 Վաղը լրանում է Վանաձորում Կադաստրի նոր ստորաբաժանման կառուցման համար հատկացված մասնաշենքի հանձնման-ընդունման ժամկետը՝ Լոռու մարզպետարանից։ Կոմիտեի ղեկավարը դժգոհ է ներսում աշխատանքի կազմակերպումից, և գլխավոր քարտուղարի անմիջական վերահսկողությանը փոխանցեց հարցը.

 «Հուսով եմ, որ կհասցնենք, և պարտավորությունը ժամկետում չկատարելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի»։

 Հայաստանի կառավարությունը հուլիսին որոշել է Վանաձորի բժշկական կենտրոնի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական չգործող մասնաշենքը և 0.33 հա հողամասն ամրացնել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։ Այստեղ կենտրոնացվելու է միասնական արխիվը՝ կադաստրային գործերի պահպանման, օգտագործման և տեսաներածման գործառույթներով։ Հողամասի սահմաններում կառուցվելու է նոր շինություն: Արխիվները հիմա պահպանվում են հինգ տարբեր վայրերում. երկուսը՝ Երևանում, երեքը՝ մարզերում, ինչն առաջացնում է մի շարք խնդիրներ՝ տեխնիկականից մինչև բովանդակային։